19:40 , 20 հունվար, 2014
ԲՀԿ-ի դեմ հիմնական հակափաստարկն էն ա, որ վերջինս միշտ եղել ա ու շարունակում ա լինել իշխանության հետ, ու չի կարա ընդդիմադիր լինի: Այսինքն, ըստ այդ մոտեցման, որն ընդ որում, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմադիր ակտիվ հատվածի ինչ-որ մաս բավական միաչափ գեներացնում են ԲՀԿ ցանկացած փորձ պոկվել իշխանությունից, ենթադրում ա ինչ-որ «դավադրություն»:
Ինձ, անկեղծ ասած, չի հետաքրքրում, թե ԲՀԿ-ն, իվերջո, ում հետ ա անկեղծ, ում հետ՝ չէ: Ծառուկյանի կերպարն, ընդհանրապես, արխայիզմի տեղական ամենատիպիկ մոդելներից ա իմ համար, ու որպես անձ, ինձ բավական տհաճ ա ինքը, բայց էս մի կողմ:
Ծառուկյանը «լավ օրից» չի, որ հայտնվել ա քաղաքականության մեջ: Ու նույն լավ օրից չի, որ ստիպված ա երեք նախագահների հետ էլ տարբեր չափաբաժիններով լեզու թրջելու: Ի՞նչ լավ օրվա մասին ա խոսքը: Հայաստանում դեռևս երբեք մասնավոր սեփականությունը պաշտպանված չի եղել՝ ըստ սահմանման: Բիզնեսմե՞ն ես, հասե՞լ ես որոշակի կոնկրետ դրամաշրջանառության, ուրեմն երկու ելք ունես՝ կա՛մ միանալ «իշխող վերնախավին», կամ կքել այդ նույն վերնախավի տակ: Բիթիները, բնականաբար, մտել են վերնախավ, իսկ առավել բիթիները ստեղծել են սեփական ալտերնատիվ վերնախավը:
Լավ, բա վերջը ո՞նց ա որոշվելու ԲՀԿ հարցը: ԲՀԿ-ն մարդ հանելո՞ւ ա հրապարակ, թե կարող ա միանա, ասենք, վերադարձող Քոչարյանին, թե դեռևս մնացո՞ղ Սերժ Սարգսյանին: Ինչքան էլ որ ցինիկ հնչի, ուժերից որ կողմի վրա նժարը ծռվեց, կոնկրետ պահին դրա կողմն էլ գնալու ա, (իրականում ԲՀԿ-ին ձեռ ա տալիս, որ նժարը շատ չծռվի ու ինքը շարունակի մանևրել) ու դա անելու ա նույն լավ օրվա բացակայության պատճառով, որտև հիմնական խնդիրը Ծառուկյանի/ԲՀԿ-ի համար քաղաքականության մեջ մասնակցությունը չի, նպատակ չկա դրված զբաղվել, ասենք, «ռեժիմի» կազմաքանդմամբ կամ դրա պահպանմամբ, ԲՀԿ-ի մասնակցությունը քաղաքականությանը միջոց ա, գործիք ա Ծառուկյանի համար:
Հետևաբար, թքած ունենալով թե՛ ԲՀԿ նախագահը ամենից շատ ամակ նախագահներից որ մեկի հանդեպ ունի, ում ինչքան ա գրեֆ անում, ում հետ կոնյակ, ում հետ մարտինի խմում, կա մեկ հստակ քաղաքական իրողություն. Հայաստանում մասնավոր սեփականությունը չի պաշտպանվում իրավաքաղաքական երկարատև երաշխիքներով. մասնավոր սեփականության, հատկապես մեծ բիզնեսի կենսունակությունը կախված է տվյալ պահին իշխողների անձնական ու կլանային շահերից: Ուրեմն, երեք նախագահները, բոլոր մյուս հիմնական դերակատարները, բոլորս մեկ հիմնական խնդիր ունենք լուծելու նման մետաստազներից խուսափելու համար ՝ ստեղծենք, ձևակերպենք էտ համակարգն ու մտածողությունը, որտեղ բիզնեսմենը կաշխատի, կպաշտպանվի ու կվերահսկվի բացառապես իրավական մակարդակում: Ժամանակին դա չի արվել, ինքնաշեն օլիգարխները, որոնք ներքևից բավական մութ ճամփաներով հասել են վերև, ամեն հերթական իշխանությունից ստացել են դաբռո, ինչքան աճել, էտքան էլ ձուլվել համակարգի հետ: Հիմա ուղղակի առաջացել ա խնդիր, օլիգարխներից ամենաճկունը իր համար քաղաքական հենարան է սարքել, հետո էլ կարողացել համագործակցել գործող հիմնական խաղացողների հետ: Հետևաբար, ԲՀԿ խնդիրը լուծվելու է ոչ թե ԲՀԿ վզին դնելով՝ թե դավայ թափով որոշի սև ես, թե սպիտակ, այլ կողմերից որ մեկը արագ սկսեց էտ իրավաքաղաքական համակարգի հիմքերը քցել, դրա կողմն էլ կանցնի ԲՀԿ-ն, իսկ այնուհետ կդադարի ընդհանրապես գոյություն ունենալ որպես Ծառուկյանի կուսակցություն կամ կցրվի, կամ ուրիշ կերպարանք կստանա: Ներկա իշխանությունը դա չի անելու, որովհետև, ըստ էության, կկորցնի կոմպրոմատի գործիքները: Երկրորդի մտքով կարծում եմ՝ նման մտքեր չեն անցնում, ու Ծառուկյանի հարցը քննարկվում ա բացառապես «հավատարմության» ու «դավաճանության» հասկացությունների շուրջ: Ինքը Ծառուկյանը գտել ա խնդրի լուծումը ՝ մանևրել երեքի հետ էլ, որը կարծես թե իր համար հաճելի լուծում ա, բայց միայն կարճաժամկետ ու կայուն հեռանկարում, որն այժմ խիստ կասկածի տակ է:
Հլա որ, քաղաքական հասկացություններով էս խնդրին մենակ ԼՏՊ-ն է անդրադարձել, բայց անհասկանալի ա՝ նույն ՀԱԿ-ի համար ԲՀԿ-ն միայն ենթադրելի իշխանափոխության ժամանակ ռեսո՞ւրս ու մարդաքանա՞կ է, թե ՀԱԿ-ն իսկապես համալիր ձևով պատկերացնում է, որ խնդիրը ունիվերսալ է, իսկ ԲՀԿ-ն ընդամենը էտ խնդրի դրսևորումներից մեկը: Կրկնեմ հիմնական միտքս՝ քանի հիմնական խնդիրը՝ մասնավոր սեփականության անձեռնամխելիությունը ընդհանրապես չի ապահովվել երկարատև իրավաքաղաքական երաշխիքներով, Ծառուկյանը կշարունակի առավոտները դահուկ քշել Քոչարյանի հետ, ցերեկները խմել Սերժ Սարգսյանի կենացը, երեկոներն էլ կթեյի Տեր-Պետրոսյանի հետ:
Երկար ստացվեց, ներող կլնեք, բայց քանի օր էր ուզում էի գրել էս: