Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը իսկական տղամարդ է ու իրոք արժանի է արիության մեդալի


19:12 , 20 հունվար, 2014

Վերլուծելով էն կցկտուր տեղեկատվությունը, որը շրջանառվում է գիշերը տեղի ունեցած մարտերի մասին, մի բան հաստատ կարելի է ասել` կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը իսկական տղամարդ է ու իրոք արժանի է արիության մեդալի:

Բացատրեմ մի քանի նրբություն, որոնք կարող են վրիպել անփորձ աչքից, և խամ մարդուն կարող է թվալ, որ էդ տղուն հետմահու մեդալի են արժանացրել նրա համար, որ զոհվել ա, կամ ուղղակի թուրք ա սպանել:

Ուրեմն, ժողովուրդ ջան, էս ո՛չ առաջին, ո՛չ էլ 15-րդ դեպքն ա, որ միջադեպ ա լինում, ու մերոնք թուրք են սպանում, բայց ծառայած ցանկացած մարդ, ով հայտնվել է նման իրավիճակներում, կասի, որ շատ անգամ զինվորները կրակել են վախից ու առանց նշան բռնելու, առանց բանի, հետո շուխուռի վրա մնացածներն էլ կրակել են ու պատահական փամփուշտով թուրք են խփել:

Էս էդ դեպքերից չի, որովհետև Արմենը սկզբում լսել է խլացուցիչով կրակոցի ձայնը (դիպուկահարը սպանել էր մեր պոստերը հսկող շանը, որ ձայն չհանի), ինչից հետո շտապել է բլինդաժ և ոտքի հանել իր զինակիցներին ու, չսպասելով, որ բոլորը հավաքվեն, ինքը էլի շտապել է դեպի իր կրակային կետ ու մենակով կռվի մեջ է մտել իրեն անգամներով գերազանցող ջոկատի հետ: Իրան տեղում վիրավորել են, բայց ինքը էլի շարունակել ա կռիվը, ու փաստորեն էդ մի քանի վայրկյանները, որ ինքը շահել ա, որոշիչ են եղել, որովհետև եթե չաներ, թուրքերը կարային էնքան մոտենային, որ նռնակներով մեր սաղ ջոկատին վարի տային ակոպների մեջ, կամ էլ հենց բլինդաժի դռան մոտ կանգնեին ու տենց մաղեին սաղին, իսկ Արմենը իրա կյանքի գնով ու անգամ վիրավորված, շարունակել ա էնքան, մինչև մնացածն են վրա հասել ու դիվերսիոն ջոկատի սևը տվել են (ըստ զինվորների` 2 հոգու հաստատ են սպանել, 8-10 հոգու էլ վիրավորել են):


Իհարկե, Արմենին էլ ոչինչ հետ չի բերի ու դժվար թե նրա ծնողների սուգը թեթևանա, բայց հալալ ա էդ տղու կերած կաթն ու իրան դաստիարակած ծնողին: Աստված հոգին լուսավորի, իսկ մեզ թող ևս մի հիշեցում լինի, թե ինչ կարևոր բան է բանակը ու հատկապես իսկական հայ զինվորը: