15:20 , 20 հունվար, 2014
Մեր ժամանակներում բազմաթիվ տաղանդավոր գեղանկարիչներ են ապրում ու ստեղծագործում, ում աշխատանքներն արժանի են մեր ուշադրությանը:
Ժամանակակից նկարիչներից այսօր կանդրադառնանք Ռոբ Հեֆերանիին, ում աշխատանքները մեծապես տարբերվում են նախորդ անգամ ներկայացված նկարչի` Ռիչարդ Յանգի պարային տպավորիչ կտավներից:
Հեֆերանին ծնվել է Մանչեստերում, 1968թ.-ին: Դեռ վաղ տարիքից նա սիրում էր նկարել ու մտադրված էր զբաղվել գեղանկարչությամբ, սակայն ամեն կողմից նրան ասում էին, որ նրան չի հաջողվի հաջողության հասնել այդ ասպարեզում ու որ փոխի իր միտքը: Միայն նրա ուսուցիչն էր, որ նրա ստեղծագործական ձեռագրում ինչ-որ հատուկ բան նկատելով, ոգևորում նրան արվեստի բարձրագույն կրթություն ստանալ: Հեֆերանին համալսարանում սկսում է իլյուստրացիա ուսումնասիրել, սակայն ուսման ծրագիրը բավականին սահմանափակ է թվում նրան ու Հեֆերանին որոշում է ինքնուսուցմամբ զբաղվել:
Նա սկսում է քրտնաջան աշխատել ու հավաքում պորտֆոլիո, որի շնորհիվ արվեստագետը աշխատանքային բազմաթիվ առաջարկներ է ստանում ու պայմանագրեր կնքում տարբեր ընկերություների հետ:
Հեֆերանին այսօր ստեղծագործում է ինչպես գեղանկարչության, այնպես էլ գովազդային իլյուստրացիաների ու քանդակագործության ոլորտում:
Ռոբ Հեֆերանիի գեղանկարները ֆիգուրատիվ ռեալիզմի հրաշալի օրինակներ են, որտեղ նա խնամքով ու ճաշակով կարողանում է ճիշտ գույներ ընտրել՝ ուշադրություն դարձնելով պատկերների մանրուքներին:
Նկարչի աշխատանքները դիտեք ստորև:
© Rob Hefferan
