Սերը, նշանադրությունը հաշվարկ չէ, չես կարող ասել՝ ինչ կլինի. Սիլվա Հակոբյան


13:39 , 20 հունվար, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Սերը, նշանադրությունը հաշվարկ չէ, չես կարող ասել՝ ինչ կլինի. Սիլվա Հակոբյան

Երբ աշխատանքիդ մեջ ներգրավված է ընտանիքդ, պտուղներն առավել հասանելի և քաղցր են լինում: Ամեն մարդ կարող է դավաճանել, բայց ոչ նրանք: Այս դեպքում է, որ անընդհատ չես մտածում անհաջողության ու սխալ խորհուրդների մասին: Ամեն ինչ լինում է ի նպաստ գործունեության, քեզ ու քո ընտանիքի…Երևի, այստեղ են ասում՝ երեքը մեկում… Life.panorama.am-ի այսօրվա հյուրը երգչուհի Սիլվա Հակոբյանն է, ով չխուսափեց մեզ հետ կիսվել գործնական և անձնական նորություններով ու հաջողություններով:

-Արդեն 20 օր է՝ 2014 թվականն իր իրավունքների մեջ է: Ինչո՞վ եք հիմա զբաղված:

-Այժմ ինձ մոտ մի փոքր հանգստի շրջան է: Սակայն առաջիկայում շատ-շատ անելիքներ ունեմ: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ունեմ շրջագայություններ… Փետրվար ամսին, հավանաբար, կներկայացնեմ նոր տեսահոլովակ, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: Համագործակցել եմ ֆրանսահայ դիջեյի հետ, երգն անգլերեն լեզվով է: Ի դեպ, աուդիոտարբերակն ինտերնետում արդեն իսկ կա…

-Երբեք «պարապ» չեք մնում… Չե՞ք հոգնում անդադար աշխատելուց:

-Չեմ բողոքում… Երևի շատերը կցանկանային իմ կյանքով ապրել՝ անընդհատ շրջագայել, ունենալ համերգներ, հրավերներ… Եթե հանգստանալու նույնիսկ հինգ օր եմ ունենում, փորձում եմ գոնե այդ օրերը հանգստանալ այնպես, ինչպես ես եմ ցանկանում… Ներկա պահին չգիտեմ, դեռ քանի օր ունեմ հանգիստս ավարտելու համար, բայց այս մի քանի օրը ագահորեն հանգստանում եմ…

-Հաճախ եք շրջագայում: Ի՞նչ եք կարծում, մեր շոու-բիզնեսն ինչո՞վ է զիջում դրսի շոու-բիզնեսին, թերացումն ինչո՞ւմ է:

-Հիմնականում ֆինանսական խնդիրներ են, ընդհանուր առմամբ իրենց ոչնչով չենք զիջում… Պարզապես իրենց երկիրը, հնարավորություններն ավելի մեծ են: Եթե մենք այդ ամենը ունենայինք, ոչնչով չէինք զիջում… Ձայնային տվյալներով հաստատ իրենցից վատը չենք: Կարող եմ ասել, որ արտասահմանյան շատ երգիչ-երգչուհիներ իրենց մենահամերգները, որոնք տեսնում, զարմանում ու հիանում ենք՝ զարգացած տեխնիկայի միջոցով են կարողանում ստանալ… Մեր երկիրն ու մեր հնարավորությունները շատ փոքր են, այլապես մենք էլ կհասնեինք այն հաջողություններին, որն իրենք ունեն…

-Երկիրը փոքր է, բայց ամեն օր «երգիչներ» են ծնվում… Դա՞ էլ հնարավորության խնդիր է, որ մի մասը թիթեռի կյանք է ունենում…

-Գիտեք, հիմա ճանաչում ձեռք բերելը այնքան էլ դժվար չէ, դժվարն այդ ճանաչումը պահելն է… Եթե տարիներ առաջ երազում էինք տեսահոլովակ նկարահանել, որպեսզի երևանք, հիմա այդ խնդիրը չկա, դա երազանք չէ… Ինտերնետն ամեն ինչ հասանելի է դարձրել… Իսկ ստեղծագործական կարճ կյանք ունենալն առաջնահերթ կապված է սխալ աշխատելուց… Պետք է կողքիդ լինի այնպիսի մարդ, ով այդ ամենի մեջ կա, հմտացած է, քեզ ճիշտ կուղղորդի… Նաև ասեմ, որ ժամանակի ընթացքում մնում են այն մարդիկ, ովքեր պետք է մնան… Ժամանակն է ամենամեծ մաղը…

-Փաստորեն, դուք գտել եք ճիշտ մարդուն… Շոու-բիզնեսի ասպարեզում ձեր երկարակեցության ամենամեծ չափաբաժինը հայրիկինն է…

-Այո, և՛ հայրիկինս, և՛ ընտանիքինս…

իտեմ, որ Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված երգ է ձայնագրվել, որում դուք ևս ընդգրկված եք… Եթե չեմ սխալվում, այսօր երգի պրեմիերան էր, այո՞…

-Այո, և պետք է ասեմ, որ երգը կատարելու համար շատերն են ընդգրկված… Մարդիկ, ովքեր մշտապես եղել են Մարկի կողքին… Մինչ օրս չեմ հավատում, որ նա չկա, բայց մարդը մոռացվում է այն ժամանակ, երբ դադարում ես նրա մասին հիշել… Մարկն այն մարդկանցից է, ում միշտ կհիշենք… Շատ եմ ցավում, որ նմանատիպ բան եղավ և այս երգը ծնվեց… Երբ առաջարկ ստացանք երգը կատարելու, կարող եմ վստահ ասել, որ մեզանից ոչ մեկը մեկ վայրկյան անգամ չտարակուսեց: Անմիջապես համաձայնեցինք… Այս երգը սփոփանք է, որով կարող ենք նրան մոտ լինել…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ