Աշխարհահռչակ կինոռեժիսոր Ֆելինին այսօր կդառնար 93 տարեկան


13:13 , 20 հունվար, 2014

Աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին (1920 թ.-ի հունվարի 20-1993թ.-ի հոկտեմբերի 31) տարբերվում էր իր յուրօրինակ ոճով` միաձուլելով երևակայական աշխարհներն ու բարոկկո ոճի տեսարանները: Կինոարվեստի աշխարհում նա 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր: Ֆելինին հինգ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի: Ընդհանուր առմամբ, նա 25 ֆիլմի ռեժիսոր ու 51 ֆիլմի սցենարիստ է: 

Մինչև համաշխարհային հռչակ ձեռք բերելը, նա նկարում էր թերթերի ու ամսագրերի համար, գրում կուպլետներ ու որոշ ռադիոհոլովակների համար սցենարներ ու գովազդային տեքստեր շարադրում:
Ֆելինին նշում էր, որ իր նպատակը իր աշխատանքով մարդկանց երջանկացնելն էր: 


Ֆելինին ասել է`

«Եթե լռությունը մի փոքր ավելի շատ լիներ, եթե մենք բոլորս մի պահ լռեինք… միգուցե մենք ինչ-որ բան կարողանայինք հասկանալ»:

  «Անկախ նրանից, թե ինչ է պատահում, միշտ պահիր մանկական անմեղությունդ: Դա ամենակարևոր բանն է»:

«Չկա վերջ, չկա սկիզբ, կա միայն կյանքի անվերջանալի կիրքը»:

«Միայն աշխատանքս կատարելիս է, որ ես ինձ իսկապես կենդանի եմ զգում»:

 «Փորձառությունն այն բանն է, ինչը դու գտնում ես, մինչ այլ բան ես փնտրում»:

Ասույթներ Ֆելինիի ֆիլմերից`

«Երջանկությունն այն է, երբ կարողանում ես ճշմարտությունն ասել՝ առանց ինչ-որ մեկին վիրավորելու»: «8 ½»

«Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, միայն այդ դեպքում մենք կարող ենք իսկապես բացահայտել միմյանց»: «8 ½»

«Նրան, ում չի հետաքրքրում արվեստը, չի հետաքրքրում կյանքը»: «Մայրիկի բալիկները»

«Ինձ չի հետաքրքրում քո առաջարկած մեծահոգությունը, այլ միայն իմ հոգու փրկությունը»: «Ջուլիետան և հոգիները»


Նրա` ավելի քան 60 տարբեր մրցանակների արժանացած օսկարակիր «Ճանապարհը» ֆիլմը կարող եք դիտել այստեղ: