11:48 , 20 հունվար, 2014
Մի նուրբ խնդրի եմ ուզում անդրադառնալ, որն իմ կարծիքով, շատ կարևոր է:
Հաճախ ենք լսում, կարդում «սիրիահայերին ծեծի ենթարկեցին», «պարսկահայը գողություն է կատարել», «իրաքահայը խաբեություն է կատարել» և համանման շատ ու շատ լուրեր, հաղորդումներ, գրառումներ…
Հարգում եմ իմ ազգի ներկայացուցիչներին` անկախ նրանց ծննդավայրից, ապրելու, աշխատելու վայրից…Հարգում եմ բոլոր սփյուռքահայերին, արցախցիներին, ջավախքցիներին: Ու ինձ համար տարօրինակ է նման շեշտադրված լուսաբանումը և արհեստականորեն բաժանումն ու թշնամանք սերմանելը…
Վերջերս անընդհատ խոսում և երկար-բարակ լուսաբանում էին, որ ծեծի են ենթարկվել Սիրիայից եկած մեր մի քանի հայրենակիցների: Լուսաբանում և անընդհատ կրկնում էին, որ ծեծի են ենթարկել սիրիահայերի:
Հարգելիներս, նույն կերպ կարող էր այդ միջադեպը տեղի ունենալ ցանկացած հայաստանաբնակի հետ: Սակայն դուք չէիք ասի չէ՞՝ ծեծի են ենթարկել գյումրեցու, ապարանցու, իջևանցու, սևանցու, արմավիրցու...Նույն վիճաբանությունը, ծեծկռտուքը կարող էր տեղի ունենալ արեշցու և չարբախցու միջև, և դա բնականաբար դուք չէիք նշի, չէ՞...Ուրեմն, պետք չէ արհեստականորեն բաժանել, մասնատել, առանձնացնել մեր ազգը: Առանց այդ էլ պատմականորեն շատ ենք մասնատվել և մասնատվում ենք, ստեղծելով զանազան արհեստակցական միություններ, փոխարեն գոնե հիմա ինքներս դա չանենք…
Այդ ծեծկռտուքը իրականացնող տականքների համար մեկ է՝ դու ամերիկահայ ես, սիրիահայ, լիբանանահայ, թե երրորդ մասցի կամ մասիվցի…Այնպես որ, պետք չէ շեշտել և ակամա թշնամանք առաջացնել…
Մենք մեկ ազգ ենք, մենք պետք է լինենք միասնական, մենք հայ ենք` անկախ նրանից՝ որտեղ ենք ծնվել և որտեղ ենք բնակվում…