Երկու խոսք Հովհաննես Ազոյանին և ոչ միայն..


09:14 , 21 հունիս, 2012

Հովո, տղաս, ասածդ ընդունելի է, իհարկե, սակայն այն վերաբերվում է բոլորին, այդ թվորմ ինձ և քեզ էլ: Մտածենք այդ մասին: Ինչ որ տեղի է ունենում մեզանում, բոլորս մեղքի մեր բաժինն ունենք: Կներվի արդյոք այն "դերասաններին", որքան էլ որ սիրված լինեն, ովքեր մեր փոքրիկների, և ոչ միայն նրանց մեջ, սերմանեցին այս բերանները ծռմռելով, ժարգոնով խոսելը, կիսագողական պահվածքը, այս ռաբիսությունն ու ամբարտավանությունը և այլ նման բաները: Նրանց` այդ "արտիստների" փող աշխատելու համար մի ամբողջ սերունդ փչացրինք և հիմա էլ նույնն ենք անում, դրանով ակամա համալրելով ու զորացնելով մեր իսկ կոզմից “հասարակության տականք” որակվածների շարքերը, ում որ այսօր փրփրակալած շուրթերով այսպես քննադատում և անեծքի ենք արժանացնում: Այդ ծեծողն էլ, նայելով պատկերին, հավանաբար մայորն էլ չէ որ այսօրվա մշակութային դաշտում են մեծացել ու ձևավորվել: Սթափվել է հարկավոր: Հատկապես թատերական, արվեստների ոլորտներում բանող մտավորականների ձեր սերունդն այսօր մեծ գործ ունի անելու:
Անկում ապրող հասարակությունում, իրական արվեստը պետք է արտացոլի հասարակությունում առկա բարոյալքումը: Եթե արվեստը ցանկանում է կատարել իր սոցիալական դերը, նա պետք է ցույց տա այս աշխարհի հեղհեղուկությունը և նպաստի նրա բարեփոխմանը, ասել է Էռնստ Ֆիշերը: 
Մաղթում եմ մեր մշակույթի գործիչներին, մտավորականներին, լարելով իրենց ուժերն ու ունեցած հոգևոր ու մտավեր ողջ կարողությունները, փորձել հասկանալ մեր հանրության բարոյական անկման խորքային պատճառները, գնահատել մեր կողմից որդեգրված ուղու, նրանով պայմանավորված արժեքային համակարգի ճշմարտացիությունը, մեր բոլոր անհաջողությունները, ձախուղումներն ու թերացումները միայն մեզանից դուրս որոնելու կամ զուտ նյութականի դաշտում փնտրելու պատճառները և այս ու բազում նման այլ հաւցերի պատասխանները բացահայտելուց հետո փորձ անել ստեղծված իրավիճակից ելքեր որոնել, նոր Ուղի հարթել ոչ միայն Հայության, այլ ինչու ոչ, նաև ողջ մարդկության համար, քանզի մարդկությունն էլ այսօր հայտնվել է խորը, անհաղթահարելի, բարոյա- հոգեբանական անդունդում: Ահա սա է ճշմարիտ Հայ մտավորականի Արարչական, Տիեզերական Առաքելությունը: Ով, եթե ոչ Հայ մտավորականը, արվեստը իրապես իր մեջ սիրող անհատը միայն ի վիճակի է իրականացնել այս աշխարհափրկիչ Առաքելությունը:

Հովհաննես Ազոյանի գրառումը կարող եք տեսնել` այստեղ