11:20 , 20 հունվար, 2014
Եվրոմայդանը վերջը արյունահեղության բերեց, ու երեկ երեկոյան մի քանի ժամ շարունակ բախումներ են տեղի ունեցել Կիևի կենտրոնում հավաքված ցուցարարների և ոստիկանության հատուկ ստորաբաժանումների միջև: Իրավիճակի էսկալացմանը նպաստել են այն օրենքները, որոնք ընդունվել էին Գերագույն Ռադայում և որոնք խիստ սահմանափակումներ էին մտցրել հավաքներ և ցույցեր անցկացնելու իրավունքում, ինչպես լայն լիազորություններ էին տվել ոստիկանությանն ու այլ ուժային կառույցներին` ցուցարարների դեմ:
Սա անչափ հիշեցնում է մարտի 1-ը: Հիշեցնում է թե՛ իր տրամաբանությամբ, թե՛ ներքաշված ճամբարներով, և անգամ ժամանակագրությամբ: Ինչպես և մարտի 1-ի ողբերգության ժամանակ, այնպես էլ հիմա, գործ ունենք երկու ճամբարների հետ, որոնցից մեկին աջակցում է Ռուսաստանը, իսկ մյուսին` Արևմուտքը:
Ինչպես մարտի 1-ին, այնպես էլ հիմա, ցուցարաները գլոբալ փոփոխություններ էին ակնկալում, եթե իրենք բավարար ժամանակ հրապարակում մնան և ինչպես մարտի 1-ին, այնպես էլ հիմա, դա ընդամենը պատրանք դուրս եկավ:
Ինչպես մարտի 1-ին, այնպես էլ հիմա, իշխանությունները որոշիչ քայլերի դիմեցին ոչ թե միանգամից, այլ միայն մի քանի շաբաթ հետո (առաջին բախումները հաշիվ չեն, որովհետև ըստ ամենայնի, դրանք ֆիկցիա էին ու սադրանք` իրավիճակը թեժացնելու համար) և ինչպես մարտի 1-ին, այնպես էլ հիմա, հստակ երևաց, որ եթե ընդդիմության առաջնորդները վճռական չեն և իրենց նեղ անձնական ամբիցիաներն են առաջ տանում, ապա ոչ մի ամբոխ շանս չունի ընդդեմ ոստիկանության ու պետության:
Իհարկե, տարբերություններն էլ քիչ չեն մեր մարտի 1-ի ու իրենց հունվարի 20-ի, բայց բովանդակային նմանությունները բավարար են, որպեսզի ընդհանուր եզրահանգումների գանք, իսկ դրանցից առանցքայինը կարելի է ձևակերպել մի քիչ փոխելով Օստապ Բենդերի խոսքը.
Заграница нам НЕ поможет.
Այնպես որ, գլոբալ փոփոխությունների համար հիմնական ու որոշիչ ուժն ու հենարանը չպետք է լինեն օտարերկրյա դեսպանատներն ու պետքարտուղարների տեղակալները, այլ պետք է լինի սեփական ժողովուրդդ: