Ամերիկյան համալսարանը հատուկ պաշտոն է ստեղծել Սաակաշվիլիի համար


09:31 , 20 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կզբաղեցնի «բարձր ռանգի պետական ծառայողի» պաշտոնը, որը ԱՄՆ Տաֆտսի համալսարանին կից Ֆլետչերի անվան իրավունքի ու դիվանագիտության դպրոցում ստեղծվել էր հատուկ նրա համար: Այս մասին Սաակաշվիլին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ փոխանցում է RIA Novosti-ն:

«Այդ պաշտոնը ստեղծվել է առաջին ագամ և նախատեսված է այն բանի համար, որ Տաֆտսի համալսարանի ուսանողները շփում ունենան հայտնի առաջնորդների և միջազգային մասշտաբով տարբեր ոլորտների պրակտիկաների հետ»,- ասել է դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդսը, ում խոսքերը հրապարակվել են նախկին նախագահի էջում:

«Սաակաշվիլին արդեն ելույթ է ունեցել Փրինսթոնի համալսարանում, իսկ մի քանի օրից նա հրավիրված է դասախոսություններ կարդալու Հարվարդի համալսարանում»,- նշվում է հաղորդագրությունում:

2013-ի հոկտեմբերի վերջին Վրաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որոնց առաջադրվելու իրավունք Սաակաշվիլին այլևս չուներ: Ընտրությունների արդյունքներով հաղթել է «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Դեկտեմբերի կեսին Սաակաշվիլին հայտարարել է, որ գտնվում է ԱՄՆ-ում, և իր նոր աշխատանքը կլինի տարբեր ինստիտուտներում դասախոսություններ կարդալը: