00:25 , 20 հունվար, 2014Կիևի ցուցարարները «Մոլոտովյան կոկտեյլներ» են կիրառել ներքին գործերի նախարարության աշխատակիցների նկատմամբ:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` ուկրաինական լրատվական պարբերականին հղումով, դրան ի պատասխան ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ է գործածել:
Գործակալության տվյալներով` ոստիկանների վրա անընդմեջ քարեր են նետում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիևի ոստիկանությունը զանգվածաբար խլացուցիչ նռնակներ և արցունքաբեր գազ է կիրառում: Միաժամանակ` ոստիկանությունը հերքել է ցուցարարների նկատմամբ ջրցան մեքենաների կիրառումը:
ИТАР-ТАСС –ի փոխանցմամբ` ոստիկանները Կիևի կենտրոնում անկարգությունների 4 ակտիվիստների են ձերբակալել:
«ՈւԴԱՌ» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ուղևորվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի մոտ` պահանջելու դադարեցնել ոստիկանների դիմակայությունը ցուցարարների նկատմամբ: Այս մասին հայտնել է ինքը` Կլիչկոն: Նրա խոսքով` ստեղծված իրավիճակից միակ ելքը արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնել է:
Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 19-ին, Կիևի կենտրոնում վերսկսվել են բախումները ընդդիմադիրների կողմնակիցների և ոստիկանների միջև: Հաղորդվում է, որ «Դինամո» մարզադաշտի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ տուժել են 20 օրինապահներ:






