Իտալիայում միանձնուհին երեխա է ունեցել «ի պատիվ» Հռոմի պապ Ֆրանցիսկոսի


22:36 , 18 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Իտալիայի Ռիետի քաղաքում երիտասարդ միանձնուհին մայր է դարձել։ Այս մասին հայտնում է itar-tass-ը:

32-ամյա միանձնուհուն հեռու են պահում լրագրողներից, իսկ ծննդաբերության մասին տեղեկատվությունը տարածվել է մեկ օր անց։ Երեխային տվել են մոր ազգանունը, իսկ հոր մասին ոչ ոք ոչինչ չի լսել։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, կինը 3 կգ քաշով տղա զավակ է ունեցել, ում անվանել է Ֆրանցիսկոս։ Այդ անունով վերջին շրջանում մեծ թվով նորածինների են կոչում` ի պատիվ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի։

Մենաստանի քույրերը պատմել են, որ վերջերս նա եղել է իր հայրենիքում: Վերջին ժամանակաշրջանում շատ ինքնամփոփ էր դարձել։

Ռիետի քաղաքի եպիսկոպոսը հայտնել է, որ այն միանձնուհիները, ովքեր չեն կարողանում դիմակայել գայթակղությանը, անպայման պետք է հեռացվեն մենաստանից, սակայն եկեղեցին նշել է նաև, որ իր աջակցությունը կցուցաբերի երեխայի դաստիարակության հարցում։