18:10 , 18 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Նախարարը կամ ցանկացած այլ պաշտոնատար անձ (ներկա կամ նախկին), կարծում եմ, պետք է հպարտանա, եթե իրեն համարեն մեր երկրի և սերունդների համար կարևորագույն նշանակություն ունեցող համակարգային բարեփոխումների կնքահայր: Կարծում եմ, որ այդ գործում իրապես վաստակ ունեցող նախարար Արտեմ Ասատրյանը մեծ հպարտությամբ կհամաձայներ դրան:
Ինչպես տեղեկացնում են Աշխատանքի և Սոցապ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ այս մասին ասվում է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամի» տնօրեն Կորյուն Սարգսյանի հաղորդագրությունում՝ ի պատասխան ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարության, որում նա նշել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարող է հանգիստ խղճով իրեն կենսաթոշակային ռեֆորմի և՛ հայր, և՛ կնքահայր համարել:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Խիստ ցանկալի է որ հանրային բանավեճի ցանկացած մասնակից հստակորեն շարադրի միայն այնպիսի հավաստի փաստեր, որոնց ցանկության դեպքում կարող է ծանոթանալ ցանկացած անձ: Ցավոք, հայտարարությունում առկա են բառախաղեր, որոնք որևէ առնչություն չունեն քննարկվող խնդրի էության հետ: Փաստը, սակայն, մնում է փաստ, որ ներկայումս ներդրվող կենսաթոշակային համակարգի կառուցվածքը ներառյալ պարտադիր կուտակային բաղադրիչը սահմանվել է դեռևս 2005-2006թթ. ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով: Այս առումով խորհուրդ կտամ այս թեման բոլոր քննարկողներին մինչև հայտարարություններ անելը ուշադիր կարդալ ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 26-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 796-Ն որոշումը, որից մեջ բերվող պարբերությունները ավելի քան պերճախոս են պարտադիր կուտակային համակարգի ակունքների վերաբերյալ.
«Նոր կենսաթոշակային համակարգի նկարագիրը»
Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարության նպատակը կենսաթոշակային այնպիսի համակարգի ստեղծումն է, որը յուրաքանչյուր տարեց կամ ծեր մարդու համար կապահովի որևէ տեսակի եկամուտ. նվազագույնն աղքատության շեմը գերազանցող նպաստից մինչև կենսաթոշակային տարիքն ունեցած աշխատավարձի կամ եկամտի փոխհատուցում: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կներդնի բազմաստիճան, տարբեր ֆինանսավորման աղբյուրներից սնվող, նոր կենսաթոշակային համակարգ: Նոր համակարգի ներդրումը կսկսվի 2008 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է նաև կանոն, թե որ քաղաքացիները կամ տարիքային խմբերը կարող են անցնել նոր կենսաթոշակային համակարգի: Նոր համակարգն ուժի մեջ մտնելու պահին 30 տարին չլրացած քաղաքացիները պարտադիր անցնում են նոր համակարգին, 30-45 տարիքային խմբում գտնվող քաղաքացիներին տրվում է ընտրության իրավունք մնալու հին համակարգում կամ անցնելու նոր համակարգ: Այս տարիքային խմբի քաղաքացիները նոր համակարգին անցնելուց հետո չեն կարող երբևիցե վերադառնալ հին համակարգ: 45-ից բարձր տարիքի քաղաքացիները մնում են հին համակարգում: Այս սահմանափակումը բացատրվում է այն հանգամանքով, որ նոր կենսաթոշակային համակարգը հասունանալու և դրա առավելություններից օգտվելու համար կպահանջվի 25-30 տարի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ