Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հակադարձում է Արտեմ Ասատրյանին


13:06 , 18 հունվար, 2014

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր ՍողոմոնյանըՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր Mediamax.am-ին տված հարցազրույցում արձագանքել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարցազրույցին: 

Արտեմ Ասատրյանը իր հարցազրույցում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի «հիմնադիր հայրն է: Վիկտոր Սողոմոնյանը հակադարձել է ասելով` «Ակնհայտ է, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե կամավոր, այլ պարտադիր կուտակային հարցազրույցի հետ: Ստացվում է, որ նախարարը չգիտի, թե ինչ տարբերություն կա պարտադիր եւ կամավոր կուտակային ապահովագրության միջեւ, ինչպես նաեւ չի պատկերացնում սերունդների համերաշխության սկզբունքի էությունը»:

Վիկտոր Սողոմոնյանը նաև բացատրել է կամավոր և պարտադիր կենսաթոշակային համագարգի տարբերություննները: 

«Նախարարի հիշատակած որոշումներով կառավարությունն ըստ էության ասում էր, որ ցանկացողները կարող են կամավորության սկզբունքով ընդգրկվել կուտակային ապահովագրության համակարգում, սակայն որեւէ գործուն մեխանիզմ դրա համար չէր ստեղծվել: 

Հանրապետությունում շարունակում էր գործել պարտադիր, բայց ոչ կուտակային կենսաթոշակային ապահովագրությունը /վերոնշյալ սկզբունքով. պարտադիր սոցիալական վճարումների միջոցով մի սերունդը վճարում է մյուս սերնդի թոշակները/»: 

Նա նաև հիշեցրել, որ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում խոսել է նաև` 2009 թվականի ճգնաժամի մասին, որ հանգեցրեց ֆինանսական շուկաների բարձր տատանողականության, մեծացրեց կուտակված միջոցների ապագայում կորցնելու կամ արժեզրկելու ռիսկերը:

«Հասկանում եմ, որ «խոսուն փաստերի» սիրահար նախարարին դժվար է գլուխ հանել այս ամենից, բայց պետք է ձգտել դրան. ի վերջո, դա իր աշխատանքն է: 

Այնպես որ, նախարարը կարող է հանգիստ խղճով իրեն այս ռեֆորմի եւ հայր, եւ կնքահայր համարել»: