12:42 , 18 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
«Դ!եմ եմ» նախաձեռնությունը կոչ է անում այսօրվա հանրահավաքին լինել աչալուրջ և չտրվել սադրանքների. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին նախաձեռնության անդամներ Արսեն Մանուկյանը, Դավիթ Մանուկյանը և Գևորգ Գորգիսյանը։
«Ոստիկանական բաժանմունք քաղաքացին կարող է հրավիրվել միայն պաշտոնական ծանուցագրով»,- զգուշացրեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը՝ միաժամանակ Ոստիկանությանը կոչ անելով շարժման մեջ չփնտրել հանցագործների։
«Նախաձեռնության ակցիան զուտ սոցիալական բնույթ է կրում»,- ասաց նա և դիմեց բոլոր քաղաքացիներին, այսօր ժամը 14։00-ին Ազատության հրապարակում միանալ իրենց։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում այսօր կկայանա «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը, որը կավարտվի երթով։ Հանրահավաքին, մասնակցելու են նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը», ինչպես նաև արտախորհրդարանական ուժեր։
«Կոչ ենք անում, հորդորում բոլոր քաղաքացիներին, ովքեր գոնե մի փոքր մտածում են ՀՀ-ի ապագայի մասին, միանալ Ազատության հրապարակում հավաքվածներին՝ մեզ, ընդդեմ հակասահմանադրական օրենքի և հանուն Հայաստանի Հանրապետության: Մի՛ վախեցեք դուրս գալ փողոց, մի՛ վախեցեք պաշտպանել ձեր իրավունքները»,- ասաց նա։
Ծրագրավորող, նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանը հիշեցրեց նախորդ հաղթանակների օրինակը։ «Փորձը ցույց է տվել, որ երբ միավորվում ենք՝ այդ ժամանակ ենք կարողանում խնդիր լուծել, այս խնդիրը նույնպես լուծելի է, պարզապես պետք է կոնսոլիդացում»,- նշեց նա։
Գևորգ Գորգիսյանը նկատեց, թե կուտակայինի հարցը պետք է դիտարկել որպես համահայաստանյան խնդիր՝ անկախ նրանից, թե քաղաքացին ընդգրկվում է տարիքային այդ խմբում, օրենքը վերաբերվում է նրան, որտեղ է աշխատում։ «Կոչ եմ անում միասնության. բոլորը միանան և ցույց տան իրենց դժգոհությունը»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ