Հատված Հրանտ Դինքի վերջին հարցազրույցներից


10:24 , 18 հունվար, 2014

2007թ. հունվար 19-ին սպանվեց «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը: Հատված նրա վերջին հարցազրույցներից.

«Ամենեւին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածեմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս: Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել:

Ըստ երեւույթին հենց սա է «Կենաց մահու» ասվածը: Կարող էի հաշտվել իմ ճակատագրի հետ, սակայն հարազատներիս կյանքը վտանգելու իրավունքը չունեի: Կարող էի ինքս ինձ հերոսանալ, սակայն հերոսանալու համար հարազատը մի կողմ, նույնիսկ անծանոթի կյանքը վտանգել չէի կարող:
Ահա այսպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս եւ ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ինձ վստահում էին:
Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու էին այնտեղ:
Եթե ասեի՝ «Գնանք», գալու էին, «Մնանք»՝ կմնային:

Շատ բարի, բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպես կարող էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինակությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություններ էին սպասո՞ւմ:

Իսկ եվրոպական երկրներ գնալը ինձ համար չէր: Ի վերջո, ինձ նման երեք օրով Արեւմուտք մեկնելու չորրորդ օրը վերադառնալու մտահոգությամբ սրտնեղությունից տանջվող եւ իր երկիրը կարոտող մեկն ի՞նչ էր անելու Եվրոպայում:

Հարմարավետ կյանքն ինձ համար չէր
Նախ «դժոխքի կրակները» թողած «պատրաստի դրախտում» հանգրվանելը չէր համապատասխանում իմ էությանը:
Մենք դժոխքը դրախտի վերածելու հավակնության տեր էինք:
Թուրքիայում մնալը ե՛ւ մեր իսկական ցանկությունն է, ե՛ւ հարգանքից բխող անհրաժեշտություն ծանոթ-անծանոթ այն հազարավոր մարդկանց նկատմամբ, ովքեր Թուրքիայում ժողովրդավարության պայքար են մղում ու թիկունք կանգնում մեզ:

Շարունակելու էինք մնալ եւ դիմակայել
Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք… Ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915 թ.-ին… Մեր պապերը… Առանց իմանալու դեպի ուր… Քայլելով այն ճանապարհներով` ինչ ոտաբոբիկ իրենք են անցել… Տանջվելով եւ ապրելով նրանց վիշտը…
Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք հայրենիքը: Գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար… Ուր էլ որ լիներ…

Հուսամ, որ երբեք ստիպված չենք լինի այդպես հեռանալ: Դրա համար ունենք բավականին հույս եւ մեծ պատճառ:
Հիմա արդեն դիմում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Չգիտեմ, թե դատավարությունը քանի տարի կտեւի: Իմացածս այն է, որ դա ինձ մասնակի մխիթարում է, գոնե մինչեւ դատավարության ավարտը կշարունակեմ բնակվել Թուրքիայում:
Անշուշտ, Եվրոդատարանի՝ իմ օգտին ընդունած որոշմամբ ես խիստ կուրախանամ եւ այլեւս ստիպված չեմ լինի մտածել երկիրը լքելու մասին:

Հավանական է, որ 2007 թ.-ն ինձ համար ավելի ծանր տարի լինի: Կշարունակվեն դատավարությունները, նոր գործեր կհարուցվեն իմ դեմ: Ո՞վ իմանա՝ ես դեռ ինչպիսի անարդարությունների կբախվեմ:
Բայց եւ այնպես, իմ միակ երաշխիքը ես համարելու եմ հետեւյալ ճշմարտությունը. «Այո, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս»:
Աղավնիները շարունակում են իրենց գոյությունը քաղաքի խորքերում, նույնիսկ մարդկանց խիտ բազմության մեջ:
Գուցե մի քիչ երկչոտ, բայց եւ անկախ»: