Արամեն, Լիլուն, Սոնան ու Ռադիո Ջանի ջան-ջիգյարը


19:01 , 20 հունիս, 2012
Արամեն, Լիլուն, Սոնան ու Ռադիո Ջանի ջան-ջիգյարը

Վերջին մի քանի ամսում սկսել եմ լուրջ մտածել մեքենա գնելու մասին: Պատճառը մի անսովոր, անհասկանալի ու ռաբիզ ռադիոկայան է, որի պատճառով ամեն օր ստիպված եմ լինում տաքսիների վարորդներին խնդրել, պահանջել, գոռալ, որ անջատեն, կամ լավագույն դեպքում` թեքեն ալիքը: Չգիտեմ` ում մտքով է անցել ու ով է հորինել էդ անճաշակ ու քյարթու ալիքը, բայց ես այլեւս չեմ կարողանում էդ ոռնոցները տանել: Միակ փրկությունը գոնե ինձ համար սեփական մեքենա ունենալն է, որի մեջ կկարողանամ իմ սիրած Դիփ Փարփլ, Լեդ Զեփփելինն ու Վիկտոր Ցոյը լսել:

Իրականում սա պարզապես քմահաճույք չէ, կամ գոնե ես չեմ տառապում պրիմիտիվ քաղքենիությամբ, պարզապես այն ոռնոցը, ինչ կոչվում է հայկական երաժշտություն, որն իմ խորին համոզմամբ իրական հայկականի հետ բացարձակ կապ չունի, ընդամենը հայկական բառերով թուրքական ոռնոց է: Իրականում, ամենեւին չեմ կարծում, որ այն ինչ թուրքական է նշանակում է վատն է, ընդհակառակը՝ թուրքերն էլ վստահ, ունեն հանճարեղ երգեր ու կատարողներ: Խնդիրն այն է, որ այն ինչ առաջարկում են հայկական կատարողները, նույն թուրքականի աղավաղված, լղոզված, ծամված ու լպրծուն տարբերակն է: Հետեւաբար իմ հակակրանքը նաեւ հիմնավորված է:

Լսելով, տաքսիների վարորդների համոզմամբ՝ ազգային, իմ համոզմամբ՝ թուրքերի ազգային, երգերը, մի եզրակացության ենք գալիս, որ մեր երկրում հիմնական խնդիրը սիրահարները բաժանումն է, հեռացումը, լավ ընկերոջ մահը, շիրիմը, յարը: Բոլոր խնդիրները երկու մարդու մեջ են, մեկը սիրում է, մյուսը հեռանում է ու էս մեկը, որը առաջին դասարանը մինչեւ հունվար ամիսն է գնացել, իր պրիմիտիվ բառակույտով պատմում է այդ մասին ու ոռնում, որ հեռացավ: Կամ ինչ որ մեկը մեռավ ու ողբում է թե ինչի մեռավ, ասենք կարող էր չմեռնել ու եթե չմեռներ ինչ լավ կլիներ: Մառազմ: Որեւէ երգում որեւէ պատկեր, որեւէ խնդիր գոյություն չունի:

Գեղարվեստականությունից զուրկ այս երգերը գոնե պատմություն չունեն՝ ասենք սկսվեն ինչ որ տեղ եւ ավարտվեն տրամաբանորեն: Ասենք թքած, որ երաժշտությունը թխած է թուքականից ու արաբականից, բայց նայեք բառերին: Պարզապես կոնտենտ չկա: Վերցնենք նույն մեռած մարդու պատմությունը: Երգը լսելուց հետո որեւէ ինֆորմացիա քեզ հայտնի չի դառնում, չես հասկանում ինչու մահացավ այդ մարդը եւ ինչու է ողբում երգիչը: Նույն քյարթուների սիրած ռուսական շանսոնում, գոնե պատմություն կա, մարդը քրեական հանցագործ էր, չգիտեմ, մեկի հետ կոնֆլիկտ ուներ ու էդ մեկը ստորաբար պատվիրեց նրա մահը: Այսինքն այս երգերը նաեւ կոնտենտ չունեն:

Բայց մառազմը սա չէ: Մառազմն այն է, որ այս երգերի թեմատիկան ու տրամաբանությունից օգտվում են, մեր այսպես կոչված էստրադային երբիչներ, որոնց շուրթերից նույն ոռնոցը ավելի բարեհունչ է լսվում, բայց իրականում նույն բանն է: Օրինակ՝ այն ինչ հիմա երգում է Արամեն կամ ասենք Լիլուն, Սոնա Շահգելդյանն ու էս շարքից ցանկացած մեկը, կարելի էր մի 5 տարի առաջ լսել Վարդենիսի գազելի մեջ: Պարզապես այն ժամանակ գոնե գիտեիր որտեղ ես գտնվում ու հոգեբանորեն պատրաստ էիր, իսկ հիմա դա կարող ես լսել Օպերայի բեմին, կամ ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Սա է իրական մառազմը:

Երգն ու երաժշտությունը նույնպես արտահայտվելու ձեւ է: Հենց երգով է հնարավոր մի շարք խնդիրներ բարձրացնել՝ սկսած սոցիալականից մինչեւ բնապահպանական ու քաղաքական: Օրինակ՝ երգերի տեքստերի համար հրաշալի աղբյուր կարող է լինել ֆեյսբուքը, նայեք ինչ թեմա է շոշափվում, մարդկանց ինչն է հետաքրքրում եւ այդ թեմայով գրեք: Մաշտոցի այգու թեմայով ո?վ երգ գրեց ու հիթ չդարձավ: Հերիք է զզվեցնեք, թե շուկան է պահանջում:  Չնայած գուցե ճիշտ եք, Մալաթիայի կամ Կոմիտասի շուկաները հենց դա են պահանջում: