09:04 , 18 հունվար, 2014
«Արդեն մեկ ամիս է, ինչ Նոր Նորքում Գայի պողոտայով մեկ ձգված գովազդային հսկա վահանակների վրա ամուր հանգրվանել է նույն վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը՝ ամանորյա շնորհավորական ուղերձով, ուղղված համայնքի բնակիչներին։
Ամանորն ու մյուս բոլոր տոները վաղուց ավարտվել են, սակայն թաղապետը ոչ մի կերպ չի ցանկանում իջնել իր բարձունքներից։ Այդ վահանակներից մեկն էլ թաղապետարանի դիմաց է տեղակայված, թերևս ՀՀԿ-ական թաղապետն աշխատասենյակի պատուհանից իր համար «գեղեցիկ» տեսարան է ապահովել և այնքան սիրահարվել իր «գովազդային» կերպարին, որ մոռացել է այնտեղ հայտնվելու նախնական նպատակի մասին։
Չմոռանանք նաև, որ այս վահանակների վրա հայտնվելը ձմեռ պապի բերած նվերը չէ, այլ համայնքային բյուջեից վատնած գումար, վահանակների մեկամսյա վարձակալումը բավականին կլորիկ գումար արժե։
Ի դեպ, այս նույն թաղապետարանը երևանաբնակներին Ամանորի շնորհավորական ՏMՏ -ներ էր ուղարկել, որը հայերենին տիրապետող քաղաքացիների ուշադրությունը գրավեց թաղապետարանի թույլ տված վրիպակով՝ «Նոր Նորք»-ը գրվել էր գծիկով՝ «Նոր-Նորք», ինչը սխալ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։