08:56 , 18 հունվար, 2014
Ներկայացնում ենք թերթի խմբագրականը կրճատումներով.
«Ռուսաստանցի լրագրողներից ոչ մեկի մտքով չի անցնում ինձ հարցնել, թե ինչպես է Բաղրամյան 26-ը վերաբերվում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին մեկ այլ անձով փոխարինելուն։ Չեն հարցնում, նախ՝ որովհետև ես այդ հարցի պատասխանը չգիտեմ՝ ի տարբերություն իմ բազմաթիվ գործընկերների, ես նշված վայրին «մոտ կանգնած աղբյուրներ» չունեմ: Բայց նաև այն պատճառով, որ այդ հարցում Բաղրամյան 26-ի կարծիքը որևէ նշանակություն չունի։ Բայց ահա մեր լրագրողները հետաքրքրվում են ռուսաստանցի մեկնաբան Մոդեստ Կոլերովից՝ Կրեմլը կո՞ղմ է Տիգրան Սարգսյանի հրաժարականին, թե՞ դեմ։ Եվ պարոն Կոլերովը, որը, ենթադրաբար, մոտ է կանգնած Կրեմլին, պատասխանում է՝ դեմ չէ։ Մոսկվան, մի խոսքով, «դաբրոն տվալ ա»։
Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք Տիգրան Սարգսյանի կառավարությունը «հասունացե՞լ է» հրաժարականի համար, թե՞ դեռ կմնա` շարունակելով իր, մեղմ ասած, ոչ այնքան ազնիվ և թափանցիկ գործելակերպը։ Պարզ է, որ այս կառավարության մեղքով մեր քաղաքացիների կյանքը վատթարացել է։ Բայց ինձ թվում է` եթե օլիգարխիային սպասարկող կառավարությունը փոխարինվի բուն օլիգարխիայի կառավարությամբ, ապա դրանից ոչ պետությունը, ոչ քաղաքացիները չեն շահի։ Սակայն խոսքը տվյալ դեպքում այն մասին է, որ մեզ՝ հայերիս, հետաքրքրում է այս հարցով Կրեմլի կարծիքը, և մեր հաշվարկները, վերլուծությունները, ծրագրերը կապում ենք բացառապես Մոսկվայի որոշումների և գերապատվությունների հետ։
Որքան էլ դա տարօրինակ հնչի, վստահ չեմ, որ այսօր, այս պահին Մոսկվայի համար նշանակություն ունի, թե ով է Հայաստանի նախագահը, առավել ևս՝ վարչապետը կամ որևէ ոլորտի նախարարը»,–գրում է խմբագիր Արամ Աբրահամյանը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։