22:02 , 17 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուեն ցնցված է եվրոպական ճանապարհից Ուկրաինայի շեղման պատճառով և զգուշացնում է, որ դա Կիևի և Բրյուսելի համագործակցության վրա իր հետևանքները կունենա:
Интерфакс գործակալությանը տված հեռախոսահարցազրույցի ժամանակ եվրահանձնակատարն ասել է, որ «Գերագույն ռադայի կողմից ընդունված որոշումները դեմ են ժողովրդավարական սկզբունքներին, և դրանք ոչ միայն անհանգստություն են առաջացնում Ուկրաինայի ժողովրդավարական իրավիճակի և ապագայի հանդեպ, այլև իրենց հետևանքները կունենան ԵՄ-ի և Ուկրաինայի համագործակցության վրա»:
Ֆյուլեն հիշեցրել է, որ ուկրաինական խորհրդարանի կողմից հինգշաբթի օրն ընդունված օրենքներից մեկը սահմանափակում է քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը:
«Մենք ուկրաինական իշխանություններին հստակ հասկացրել ենք, որ մեր առաջարկած համագործակցությունը ոչ թե համագործակցություն է մեր և Ուկրաինայի կառավարության միջև, այլ համագործակցություն է ԵՄ-ի և Ուկրաինայի քաղաքացիների միջև»,- ընդգծել է նա:
«Տխուր է տեսնել, թե ինչպես են իշխանությունները հրաժարվում ուկրաինական ժողովրդի համար լավ հնարավորությունից: Ես հատկապես անհանգստանում եմ Ուկրաինայի քաղաքացիների վրա այս օրենքների ազդեցությունից: Նրանց այդ օրենսդրությամբ իրենց հիմնական ազատությունների սահմանափակում է սպառնում»,- հայտարարել է Ֆյուլեն: