Հրազդան քաղաքը դատարկվում է…


16:16 , 20 հունիս, 2012

Մտքովս մի լավ բան անցավ` դասարանցիներիս եկող տարի հավաքեմ, դպրոցն ավարտելու 10 տարին նշենք: Ցավոք պարզեցի, որ 30 հոգուց միայն 5-ն են Հայաստանում մնացել… 

Հրազդան քաղաքը դատարկվում է…

Կարծես թե մարզկենտրոն է, աշխարհագրական նպաստավոր դիրք ունի` մայրաքաղաքից հեռու չէ, Ծաղկաձորն ու Սևանը կպած են, միջազգային մայրուղին քաղաքի կողքով է անցնում: Մյուս կողմից էլ քաղաքում մի քանի խոշոր գյուղական համայնքներ կան, որոնք ի վիճակի են մեծ ծավալի պարենային արտադրանք տալ: Ժամանակին քաղաքը հզոր մարզադպրոցներ ուներ` աշխարհի առաջնությունների մրցանակակիր ձյուդոիստներ, շախմատիստներ ու բազկամարտիկներ տվեց: Շատ տաղանդավոր գիտնականներ ու երաժիշտներ են ծնվել Հրազդանում: 

Հայաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկն է` ընդամենը մի քանի տասնամյակ առաջ է կառուցվել և բնակեցվել այլ մարզերի բնակիչներով և հայրենադարձներով: Ցավոք, ինչպես եկան, այնպես էլ գնում են…

Երբեմնի արդյունաբերական հսկայից այլևս ոչինչ չի մնացել, բայց դա քաղաքային իշխանություններին որևէ իրավունք չի տալիս Հրազդանի ճակատագիրը կապել միայն խոպանչիների տրանսֆերների ու երկաթի հանքերի շահագործման հետ: 

Հրազդանին ռազմավարական զարգացման ծրագիր է անհրաժեշտ: Քաղաքը հետաքրքիր ռեսուրսներ ունի, ու որոշ ներդրումային ծրագրեր կարող են էականորեն շտկել քաղաքի այսօրվա վիճակը: 

Էսպես բարձրաձայն մտածում եմ, ու կարծես թե որոշ հետաքրքիր մտքեր ծնվում են ;) Ամեն ինչ դեռ առջևում է. դասարանցիներիս առնվազն կեսին պիտի ետ բերեմ Հայաստան!