Հայաստանի անունը փոխելու ԿԳ նախարարի առաջարկից պատմաբաններն ու քաղաքական գործիչները զարմացած են


19:04 , 17 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Tert.am-ը կարծիքներ ու մեկնաբանություններ է հավաքել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ ՀՀ-ն Արևելյան Հայաստանի Հանրապետություն անվանելով «պատմական արդարությունը վերականգնելու, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից» սահմանադրական բարեփոխումների համատեքստում քննարկելու առաջարկի վերաբերյալ:Հարցված պատմաբանների ու քաղաքական գործիչների մեծամասնության համար առաջարկն անհասկանալի է:

«Մենք պետք է կշռադատենք. վերանվանելով այսօր մենք հայտ ենք ներկայացնում Արևմտյան Հայաստանի նկատմա՞մբ: Այսինքն՝ այդ քայլը պետք է ունենա տրամաբանական շարունակություն»,- Tert.am-ին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ով Արմեն Աշոտյանի առաջարկը որակեց որպես հայրենասիրական պոռթկում, որը հետագա գործողությունների առումով անհասկանալի է՝ հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ:


«Հիմա տեսեք՝ մենք մի կողմից էդ խայտառակ հայ-թուրքական արձանագրությունները, որ սառեցրել ենք, ինչը նշանակում է, որ դրանք դեռ ուժի մեջ են, գործողության, որովհետև սառեցումը դեռ չի նշանակում օրակարգից հանել, մյուս կողմից էլ հավակնություններ ենք հանդես բերում Արևմտյան Հայաստանի նկատմամբ, որը շատ մեր սրտով է, չափից ավելի: Բայց ուզում եմ հարցնել՝ էդ երկու քաղաքական գործելակերպը ո՞նց ենք իրար համադրում։ Արձանագրություններից դեռ պաշտոնապես չենք հրաժարվել, այսինքն՝ այսօր եթե Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց, ինչպես մենք խոստացել ենք, մեխանիկորեն մենք էլ պետք է վավերացնենք, և այս պայմաններում մենք խոսում ենք Հայաստանը Արևելյան Հայաստանի Հանրապետություն հռչակելու մասին»,- ասաց պատմաբանը:


Նրա խոսքերից դատելով՝ Հայաստանը չպետք միայն հայտարարի, այլև պետք է համապատասխան սրբագրումներ անի իր արտաքին քաղաքական կուրսում: Այն է՝ հայտարարի, որ մեր նպատակը պահանջատիրությունն է, Ցեղասպանության դիմաց մենք հայրենիք ենք պահանջում Թուրքիայից և այլն: Եթե նման քայլեր արվեին Աշոտ Մելքոնյանը կհասկանար Արմեն Աշոտյանի տրամաբանությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ