17:30 , 17 հունվար, 2014
Երբ պատկերացնում ես առյուծի հետ ողջագուրվող մարդու, անմիջապես փշաքաղվում ես՝ մտածելով, թե ինչ կարող է պատահել նրա հետ: Սակայն հավատացեք՝ կենդանիների հետ շփման բավականաչափ փորձ ունենալու դեպքում ոչ մի սարսափելի բան էլ չի պատահի: Քևին Ռիչարդսոնը կենդանաբան է Հարավային Աֆրիկայից: Նա տարիներ շարունակ հետազոտություններ է իրականացրել՝ ուսումնասիրելով աֆրիկյան հարթավայրերի այն կենդանիներին, որոնք ծագումով Աֆրիկայից են: Քևին Ռիչարդսոնը տարիների ընթացքում ջերմ հարաբերություններ է հաստատել Աֆրիկայի առյուծների հետ: Նա իր հետազոտական թիմի անդամներին թույլ չի տալիս դուրս գալ ավտոմեքենայից: Տեսախցիկներով զինված՝ նրանք տեսագրում են Ռիչարդսոնի և վտանգավոր կատվազգիների շփումը:
Քևինը ձայն է տալիս առյուծներին, ինչից հետո նրանք հավաքվում են Քևինի մոտ: Նայելով այդ տեսարանը՝ սկսում ես մտածել, որ ուր-որ է Քևինը կհայտնվի նրանց երախում, սակայն որքան էլ որ անհավանական թվա, այս կենդանիները փարվում են Քևինին և սիրագորով ողջունում նրան: 180 կիլոգրամանոց այս գազանները իրենց պահում են ընտանի կենդանիների նման, սկսում չարաճճիություններ անել և վազվզել թփերում: Այս գեղեցիկ տեսարանն ուղղակի աչք է շոյում:

Քևինն օգտագործում է կենդանիների հետ ունեցած իր յուրահատուկ հարաբերությունները՝ մարդկանց ուշադրությունը Աֆրիկայի բնապահպանական խնդիրների վրա գրավելու համար: Շատերը Աֆրիկայում որսորդությամբ են զբաղվում, ինչի արդյունքում կենդանական աշխարհը գնալով ավելի աղքատիկ է դառնում: Շատ կենդանիներ, այդ թվում այս առյուծները, բնաջնջման եզրին են հայտնվում մարդկային անխնա վերաբերմունքի պատճառով: Քևինը կանխատեսում է, որ եթե այս ամենը շարունակվի, հետագա 20 տարիների ընթացքում այլևս առյուծ չենք տեսնի:
Քևինը հույս ունի, որ առյուծների հետ հաղորդակցվելու իր յուրահատուկ կարողության շնորհիվ, նա կարող է փոխել մարդկանց վերաբերմունքը նրանց նկատմամբ: Նա ցանկանում է, որպեսզի մարդկանց միջից վերանա «Սպանիր կամ կսպանվես» մտածելակերպը:
