17:09 , 17 հունվար, 2014
1963 թվականին Երկիր մոլորակը մի քիչ նման էր Սատուրնին: Պատճառը այն էր, որ ԱՄՆ-ը ուղեծիր էր բաց թողել կես միլիարդ բարակ պղնձե մետաղալար, որպեսզի երկրի շուրջ ստեղծի ռադիոարտացոլող օղակ: Այս նախաձեռնությունը ստացավ «Ուեսթ ֆորդ նախագիծ» անվանումը: Այն սառը պատերազմին հատուկ միլիտարիստական մտածելակերպի ու պարանոյայի իդեալական օրինակ է:
ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերն ու Պաշտպանության նախարարությունը ցանկանում էին, որպեսզի այդ օղակը դառնա մարդկության պատմության խոշորագույն ռադիոալեհավաքը, որի գերխնդիրն էր ԽՍՀՄ-ի գրոհի դեպքում պաշտպանել ազգային կոմունիկացիաները:
Այս ծրագրի գաղափարը ծագել է 1958 թվականին` Մասսաչասուցի տեխնոլոգիական ինստիտուտի «Lincoln Labs» լաբորատորիայում: Դրա էությունը այն էր, որ եթե Երկիր մոլորակի շուրջ ստեղծվի նման ռադիոարտացոլիչ օղակ, ապա ԱՄՆ ռադիոկոմունիկացիոն միջոցները ԽՍՀՄ-ի համար կդառնան անխոցելի:
Ամեն մի մետաղալար ուներ 1,8 սմ երկարություն, ինչը կազմում է ռադիոազդանշանի 8 գիգահերցանոց ալիքի երկարության կեսը, որը ստացվում է երկրից: Այդ երկարությունը ամեն մի մետաղալարը փաստացի դարձնում էր հաղորդիչ այդ մեծ ալեհավաքի համար, որն ի զորու էր ուժեղացնել հեռահար միջոցների ազդեցությունը՝ միևնույն ժամանակ անկախ մնալով մոլորակի իոնոսֆերայի կամայականություններից:
Այս նախագիծն առաջինն էր, բայց ոչ ամենատարօրինակը գլոբալ ռադիոարտացոլիչի ստեղծման պլաններում: Սառը պատերազմի տարիներին ամերիկացի գիտնականները մշակում էին Լուսնի` որպես կոմունիկացիոն հաղորդչի կիրառության գաղափարը, որը 1946 թվականին, ի վերջո, հանգեց «Դիանա նախագծին»: Էլ ավելի տարօրինակ կոնցեպտ առաջ եկավ 60-ականների սկզբին, որը ստացավ «Արձագանք նախագիծ» անվանումը: Դրանք երկու միկրոալիքային արտացոլիչներ են` մետաղացված տիեզերական աէրոստատների տեսքով:
1961 թվականի հոկտեմբերի 21-ին ՆԱՍԱ-ն տիեզերք ուղարկեց Ուեսթ Ֆորդ նախագծի մետաղալարերի առաջին խմբաքանակը: Մեկ օր հետո այդ մետաղալարերը տեղափոխող կոնտեյները չկարողացավ անջատվել տիեզերական ապարատից, և դրա ճակատագիրը հայտնի չէ մինչ օրս: 1963 թվականի մայիսի 9-ին նախագիծը հաջողություն գրանցեց և ուղեծրի 3500-կիլոմետրանոց հատվածի վրա տեղադրեց պղնձե մետաղալարերի խմբաքանակը: Դրա միջոցով փոխանցվեց ձայնային հաղորդագրություն Կալիֆորնիայի ու Մասսաչուսեցի միջև: Այդ կերպ, նախագծի տեխնիկական մասը հաջողված ճանաչվեց: Սակայն, ուղեծրում մետաղալարերի խտության նվազմանը զուգահեռ, նվազում էր նաև ձայնային հաղորդագրությունների որակը, ինչը սակայն չխանգարեց, որպեսզի այս գիտափորձն ապացուցի այս ռազմավարության սկզբունքային աշխատունակությունը:
Սակայն, ի՞նչն է հետաքրքիր. նախագծի վերջնական ճակատագիրը պարուրված է խավարով: Ըստ նախագծողների՝ մետաղալարերը պետք է մեկ-երկու տարիների ընթացքում` արևային քամու ազդեցության տակ, էլի վերադառնային երկիր, ինչն էլ և պատահեց դրանց մեծ մասի հետ, բայց ամենայն հավանականությամբ, դեռ հազարավոր նման մետաղալարեր, ինչպես դրանք ուղեծիր հանած ապարատները, շարունակում են սպասել իրենց ժամին:
Կապի ակտիվ արբանյակաները այս նախագիծը հնացրեցին, և 1963 թվականից հետո մետաղալարի էլ ոչ մի կտոր բաց չի թողնվել տիեզերք: «Telstar»-ը առաջին ժամանակակից կոմունիկացիոն արբանյակն էր: Այն ուղեծիր հանվեց 1962 թվականին` օրեկան երկու ժամ հեռուստաազդանշանով ապահովելով Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերը:
Այսօրվա դրությամբ Տիեզերական աղբանոցում Ուեսթ Ֆորդ նախագծի մետալարերը միայն չնչին տոկոս են կազմում, բայց դրանց պատմությունը, վստահաբար, ամենահետաքրքիրներից է: