Վրաստանում փայլող հայուհին. Աննա Խանչալյան


16:02 , 17 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Վրաստանը դարձել է հայ ժողովրդի փայլող աստղերի մի ամբողջ շարքի ծննդավայր: Չխորանանք պատմության մեջ և հիշենք անցյալ դարերն ու հարյուրամյակները, բավական է միայն երկու ազգանուն հիշել ոչ վաղ անցյալից: Փարաջանով, Խաչատուրյան: Արվեստի այս երկու հանճարեղ ներկայացուցիչներն էլ ծնվել են Վրաստանում, մինչդեռ իրենց կյանքը նրանք ավարտել են ոչ այստեղ:

Այդպես է դասավորվել, որ հայ ժողովրդի տաղանդները, վերջին ժամանակներս ծնվելով Վրաստանում, լքում են այս հողը: Անհնար է չնշել, որ համաշխարհային մեծության աստղերն իրենց կյանքն ու ստեղծագործական ուղին սկսելով Վրաստանում, ցավոք, այստեղ որևէ ուշադրության չեն արժանանում: Բոլորը գիտեն այդ անունները: Բոլորը գիտեն, որ նրանք այստեղ են ծնվել, բայց ոչ ոք չգիտի, թե որտեղ է գտնվում, ասենք, Խաչատուրյանի տուն-թանգարանը: Չգիտեն, որովհետև այն ուղղակի չկա: Բայց այսօր Վրաստանը շատ է զղջում, որ ժամանակին չի բացել Փարաջանովի թանգարանը… Բայց ինչպես ասվում է «Գնացքն արդեն մեկնել է…»:

Արդեն վաղուց երկրից գնացած հանճարների համար թանգարան ստեղծելուց ավելի  կարևոր մի բան կա` աջակցել և հոգ տանել ժամանակակից հանճարների մասին:

Վերջերս ավարտվեց «Հայաստանի ձայնը» նախագիծը, որին մասնակցում էր նաև Աննա Խանչալյանը Վրաստանից: Աշխատասեր, տաղանդավոր, շատ փխրուն, բայց արդեն կայացած 17-ամյա մի վիրահայ աղջիկ, որը դարձավ նախագծի հաղթողը: «Վրաստանի Հայ Համայնք»-ը շնորհավորում է Աննա Խանչալյանին իր հերթական փայլուն հաղթանակի կապակցությամբ և ցանկանում նորանոր հաղթանակներ: Նոր 2014թ.-ի առաջին օրերին Աննան հանդիպեց Պատանեկան Միության անդամների հետ: Կիսվեց նրանց հետ վերջին մրցույթի տպավորություններով, հաղթանակի բերկրանքով… Հանդիպումից հետո տեղի ունեցավ զրույց «Միություն» լրատվական կենտրոնի հետ: Աննա Խանչալյանը, կիսվեց մեզ հետ իր կյանքի, ծրագրերի ու նպատակների մասին:

«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնի հարցերին պատասխանում է  Աննա Խանչալյանը.

Աննա՛, կպատմե՞ս մի քիչ քո մասին, երբվանի՞ց սկսեցիր զբաղվել երգով, ջութակով:

- Ես մանկուց երգում եմ: Դեռ մանկապարտեզից, հետո նաև դպրոցում ես և եղբայրս` Արմենը, միջոցառումներին ամեն տարի ներկայանում էինք «Գարունը գարնան մեջ»  հայկական թատրոնում և մեր 132 հայկական դպրոցի պատիվն  էինք բարձրացնում:  2008 թ-ին մասնակցեցի Երևանի «Մեկ ազգ մեկ մշակույթ» մրցոյթ-փառատոնին, որտեղ էլ ինձ հնարավորություն տրվեց բեմ դուրս գալ և երգել աստղերի հետ: Հետո 2010 թ.-ից ավելի մեծ բեմեր դուրս եկա, մասնակցեցի «Georgian Gold Talent» մրցույթին և ընդգրկվեցի լավագույն քառյակի մեջ, 2011թ.-ին Եվրատեսիլում ներկայացա:

Վրաստանում հայկական կրթությամբ և հայ ազգանվամբ ներկայանալն արդյոք դժվարություններ չի՞ առաջացրել:

- Ո՛չ: Ընդհակառակը, դա առավելություն է, որովհետև դպրոցն ավարտում ես երեք լեզվի իմացությամբ` հայերեն, վրացերեն, ռուսերեն:

Իսկ ո՞նց բացահայտեցիր երգելու տաղանդը քո մեջ, որ ուզում ես զբաղվել երգով: Ի՞նչ է երգը քեզ համար:

- Ես կարծեմ, երբ ծնվեցի արդեն երգում էի. «մամա˜ », -կատակում է Աննան, -փոքրուց սիրել եմ երգը, երաժշտությունը, բացի երգելուց, շատ եմ սիրում պարել, նկարել: Երգը իմ կյանքն է: Ամեն ինչ է: Ես հիմա ձեզ հետ խոսում եմ, բայց մեջս երգում է: Ես առանց երգի կյանք չունեմ, և ոչ էլ ուզում եմ ինձ պատկերացնել առանց երգի:

Ինչպիսի՞ն է քո ընտանիքը: Ի՞նչ դեր ունեցավ ընտանիքդ քո մասնագիտություն ընտրելու հարցում, և արդյո՞ք երգը քեզ համար մասնագիտություն է:

- Ընդհանրապես իմ կարծիքով ընտանիքը շատ կարևոր դեր ունի երեխայի ձևավորման մեջ: Իրենք մանկուց հասկացան, որ իմ գործը երգելն է և արվեստով զբաղվելը: Ճիշտ ասած` մայրիկս ուզում է, որ ես օպերային երգչուհի դառնամ: Ընտանիքս միշտ ինձ հետ է, և՛ ուրախությունների, և՛ տխրությունների պահերին, ցանկացած խնդիր մենք միասին ենք որոշում և լուծում:

Ի՞նչ ես դու երգում: Ո՞րն է քեզ հոգեհարազատ ժանրը, քո հոգուն համապատասխան երաժշտությունը այսպես ասած:

- Ես շատ եմ սիրում ջազ, ռոք էլ եմ երգում, բայց քչերն են լսել: Բոլորը կարծում են, որ լիրիկան է իմ ժանրը, ես էլ եմ այդպես կարծում, ինձ ավելի հոգեհարազատ է լիրիկան:

2011թ. հայուհի աղջիկը Եվրատեսիլ միջազգային մրցույթում ներկայացնում է Վրաստանը և հաղթում:  Ի՞նչ տվեց քեզ մասնակցությունը և հաղթանակը Եվրատեսիլում:

- Մեծ փորձ և ընկերներ տվեց: Կար շատ մեծ անհանգստություն: Մեծ պատասխանատվություն կար, որովհետև իմ հայրենիքում էի, բայց մի բանով մխիթարվում էի, մենք խմբով էինք ներկայացնում Վրաստանը:

Եվրատեսիլից հետո գնացիր Լոնդոն: Պատմիր մի քիչ Լոնդոնից:

- Գնացինք երեք շաբաթով սովորելու: Շատ լավ էր այնտեղ, ամեն ինչ շատ հետաքրքիր էր: Ապրում էինք Լոտինգեմում: Եղանք Օքսֆորդում, Քեմբրիջում:

Մի դրվագ հիշենք քո երաժշտական անցյալից, երբ դու մասնակցեցիր վրացական «Տաղանդներ» մրցույթին և ամբողջ Վրաստանն էր խոսում այն մասին, որ քեզ հետ անարդարացիորեն վարվեցին, երբ չճանաչեցին քեզ որպես հաղթող: Ի՞նչը օգնեց քեզ հաղթահարել այդ ճգնաժամը, չկոտրվել և շարունակել ճանապարհը:

- Տխրություն կար, որովհետև յուրաքաչյուր մասնակից էլ ուզում է հաղթել, բայց, ինձ համար ավելի մեծ հաղթանակ էր որ Վրաստանը, ժյուրիի անդամները ինձ սիրեցին, ընդունեցին. կյանքում պետք է սովորել և՛ պարտվել, և՛ հաղթել: Նույնիսկ շատ հաճախ, երբ հենց վրացի լրագրողները ինձ հարցնում էին դու ու՞մ ես համարում քեզ մրցակից, ես, ընդհանրապես ոչ ոքի մրցակից չեմ համարում, ես ուղղակի միշտ աշխատում եմ այնպես երգել, որ մարդիկ հիշեն ինձ, լավ հիշեն: Ես «Տաղանդներ» մրցույթից շատ մեծ փորձ եմ ձեռք բերել, փոքր էի տարիքով, կարող էի կոտրվել, բայց հաղթահարեցի, որովհերև չէի նախանձում ոչ ոքի:

Ինչպե՞ս հայտնվեցիր Հայաստանի ձայնը նախագծում: Հաղթանակը անկանկալ էր, թե՞ կային սպասումներ:

- Օգոստոսին եղբորս` Արմենի հետ գնացել էի Հայաստան` «Արի տուն» ծրագրին մասնակցելու: Մինչ այդ լսել էի, որ Հայաստանում արդեն կա Հայաստանի ձայնը նախագիծ, և միշտ երազում էի մասնակցելու ընդհանրապես Tհe Voice նախագծին: Փորձեցի, դիմեցի և ինձ կանչեցին: Հաղթել, իհարկե, ուզում էի, բայց չէի սպասում: Նախագծի շրջանակներում 4 ամիս ապրեցի Հայաստանում, շատ ջերմ մթնոլորտ էր, և ինձ հետ միայն և միայն լավ բաներ են կատարվել: Շատ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ կապը պահում ենք: Մասնակիցների հետ լարվածություն, ինտրիգաներ չեն եղել, բոլորս էլ ընկերասեր էինք:

Ի՞նչ պլաններ ունես 2014թ.-ին և ընդհանրապես: Ունե՞ս արդյոք հովանավոր, որի օգնությամբ շարունակելու ես քո ուղին:

- Ես հիմա 4 ամիս հաստատ Վրաստանում կլինեմ, որպեսզի ուսումս վերջացնեմ և գնամ Երևան կոնսերվատորիայում շարունակելու ջութակի բաժինը: Հովանավոր չունեմ, և հուսով եմ, որ ինչ-որ մեկը կհայտնվի, որը կհովանավորի ինձ: Շատերն են կարծում, որ եթե ես հաղթել եմ Հայաստանի ձայնը նախագիծը, ուրեմն արդեն միլիոնատեր եմ, կամ արդեն հովանավոր էլ ունեմ, բայց այդպես չի, նախագիծը ուղղակի մրցույթ էր, մեծ փորձ ձեռք բերելու հնարավորություն էր, լավ սովորում ես կյանքի առումով էլ: Հիմա չեմ ուզում ժամանակ կորցնել և նոր երգեր, տեսահոլովակներ ստեղծելու հենց ժամանակն է, որովհետեև երբ մարդը չի երևում երկար ժամանակ, ժողովուրդը մոռանում է: Հիմա ես պրոդյուսեր չունեմ, բայց հուսով եմ, որ հետագայում կլինի այնպիսի մարդ, որն էլ, որ կմտածի իմ ապագայի մասին: