15:43 , 17 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ Սպիտակ տունը ժնևյան համաձայնագրի կատարման վերաբերյալ որոշ մանրամասներ է հրապարակել: Իրանի և «5+1 խմբի» միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժնևյան համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, կսկսի արդեն գործել ս.թ. հունվարի 20-ից:
Սպիտակ տան հրապարակած տեղեկատվության համաձայն՝
Ա. Իրանը պարտավորվում է հունվարի 20-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հրապարակվելիք զեկույցից հետո դադարեցնել ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները, միևնույն ժամանակ՝ նոսրացնելով 20 տոկոս հարստացված ուրանի պաշարների կեսը
Բ. Իրանը պարտավորվել է դադարեցնել նոր սանտրիֆուժների արտադրությունը
Գ. Թեհրանը պարտավորվում է դադարեցնել Արաքի ծանր ջրի ռեակտորին վառելիք մատակարարելու և այն համալրելու գործողությունները
Դ. Իրանի կողմից վերոնշյալ գործողությունները իրականացվելուց հետո «5+1 խումբը» պարտավորվում է Իրանի ավտոարտադրության արդյունաբերության ոլորտին առնչվող սարքավորումների ներկրման և պետրոքիմիական արտադրանքի արտահանման ոլորտում սահմանված ողջ պատժամիջոցները վերացնել:
2013թ. նոյեմբերի 24-ից հետո Իրանի և «5+1 խմբի» միջև ժնևյան համաձայնագրի ստորագրումից հետո միջազգային հարաբերություններում իրավիճակ փոխվեց. Փոխվեցին տարածաշրջանային գործընթացներում ներգրավված երկրների մոտեցումները. Վաշինգտոնի մերձավոր դաշնակիցներ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան, մտահոգվելով Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման հեռնակարից, փորձեցին հակաիրանական քաղաքականության մեջ ներքաշել այլ դաշնակից երկրների՝ ջանալով խափանել ժնևյան համաձայնագիրը:
ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 50 անդամներ (նրանց մի մասը իսրայելական լոբբիի ազդեցությամբ) Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրենքի նախագիծ մշակեցին, որը սակայն հանդիպեց Սպիտակ տան կոշտ դիմադրությանը և նախագահ Օբաման սպառնաց վետտո կիրառել:
Սենատորների նախաձեռնությունը գուցե և ծրագրված խաղ էր, որի նպատակը հունվարի 20-ի նախօրեին Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելն ու հավելյալ զիջումներ կորզելն էր:
Ինչևէ, Իրանը ոչ միայն չգնաց առճակատման, այլև վերջին ամիսներին ձեռք բերված դիվանագիտական հաջողությունները չվտանգելու նպատակով, ի պատասխան սենատորների մտահոգությունների՝ ԻԻՀ փոխնախագահ, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Ալի Աքբար Սալեհին հայտարարեց. «Իրանի կողմից ուրանի հարստացման աշխատանքների դադարեցումը մեր գործին չի վնասում. Իրանը ուրանը 20 տոկոս հարստացնելու կարիք չունի. Ուրանի հարստացման աշխատանքների դադարեցումը բխում է Իրանի ազգային շահերից»:
Ի դեպ, սա աննախադեպ հայտարարություն է Իրանի կողմից. Ուղղակի մի քանի ամիս առաջ պարզապես անհնար էր նման հայտարարություն լսել մի անձի կողմից, որը Ահմադինեժադի պաշտոնավարման տարիներին զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը:
Ի պատասխան Սալեհիի հայտարարության՝ ԱՄՆ նախագահն էլ հայտարարեց. «Ես նախընտրում եմ խաղաղությունն ու դիվանագիտությունը և այդ հանգամանքով էր պայմանավորված, որ Կոնգրեսին հղած իմ ուղերձում նշեցի, որ այժմ Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու ժամանակը չէ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ