16:28 , 20 հունիս, 2012Պարտվող թիմին գրախանութի տիրուհին` Սոֆյան, անպետք է գրքեր է նվիրում: Բայց անցյալ շաբաթ այնպես ստացվեց, որ Սոֆյայի թիմը, այսինքն` ես ու ինքն էինք պարտվողը:
- Ցանկացած գիրք ընտրիր, բայց հետ կվերադարձնես,- առաջարկեց Սոֆյան:
Ինձ էլ էդպիսի բան էր պետք. «Ոճիր և պատիժը» նոր էի վերջացրել ու մեկ այլ ծանր գիրք հետս ման էի տալիս` այդպես էլ չհամարձակվելով սկսել այն: Դյուրամարս գիրք պետք էր փնտրել:
Ու օգտագործած գրքերի գրախանութի հսկայական տեսականուց ընտրեցի Նիք Հորնբիի «Մի տղայի մասին» գործը: Նախկինում կարդացել եմ "A Long Way Down"-ը (էդպես էլ չկարողացա վերնագիրը հայերեն թարգմանել) ու «Ջուլիետը, մերկը», ու հեղինակը բավական դուրս եկել է: Ճիշտ է` «Ջուլիետն» անհամեմատ ավելի թույլ գործ էր, բայց ամեն դեպքում երկու վիպակներն էլ հեշտությամբ, հավեսով ու կարևորը` լիքը ծիծաղելով եմ կարդացել: Գիտեի նաև, որ «Մի տղայի մասինը» Նիք Հորնբիի ամենահայտնի գործն էր: Դրա համար սպասում էի, որ ավելի հաջողված կլինի:
Ընդհանուր առմամբ, Նիք Հորնբին լրիվ ինքն էր. ուժեղ հումոր, կծու նախադասություններ, թեթև սյուժե, սահուն ու հետաքրքրությամբ կարդացվող, բայց ոչ ներվայնացնելու աստիճան իրեն կապող վեպ:
Տեղ-տեղ ահագին կաղում էր. օրինակ, Մարկուսի մոր` Ֆիոնայի կերպարն էդպես էլ անհասկանալի մնաց: Սկզբում ոնց որ լրիվ ուրիշ կին լիներ: Ընթացքում հեղինակը ոչ թե բացահայտում էր մորը, այլ ուրիշ ուղղությամբ տանում` վերջում բավական բացասական դարձնելով: Տպավորություն է, որ սկզբում ուզեցել է Վիլին ու Ֆիոնային իրար կապել, իսկ հետո մտածել է, որ առանց կապելու ավելի հետաքրքիր կլինի, ուրիշ ուղղությամբ զարգացրել: Իհարկե, ճիշտ որոշում է կայացրել, բայց պիտի վերադառնար սկզբերին ու նախնական մտադրության հետքերը վերացներ:
Երևում է` Հորնբին չհաջողված ինքնասպանության թեման շատ է սիրում, որովհետև էստեղ էլ է այն շոշափում, բայց ոչ այնքան լավ ու խորը, որքան "A Long Way Down"-ում: Ի դեպ, «Մի տղայի մասինը» ոնց որ "A Long Way Down"-ի նախնական տարբերակը լիներ. կառուցվածքով էլ մերթ Վիլի տեղանկյունից էր պատմում, մերթ Մարկուսի, չնայած երրորդ դեմքով էր գրում, հետևաբար կերպարների առանձին գրելաձև չէր մշակել:
Ինչպես «Ջուլիետում», էստեղ էլ կային ժամանակակից երաժիշտներ, ու լիքը իրադարձություններ հենց նրանց շուրջ էլ զարգանում էին: Իհարկե, դուրս չեկավ, որ Ջոնի Միթչելին էդքան կպավ, բայց ամեն դեպքում էն միտքը, որ Մարկուսը լսում էր ոչ թե էն, ինչ իրեն դուր էր գալիս, այլ էն, ինչ մորն էր դուր գալիս, սիրուն էր ստացվել:
Ընդհանրապես, սա էն գրքերից էր, որ կուզեիր դրվագներ մեջբերել: Գուցե ստեղծագործությունն ինքն իրենով միջին կամ միջինից քիչ բարձր է, բայց առանձին դրվագներ շատ համով էին:
Վերջում` փոքրիկ մեջբերում (կներեք, առանց թարգմանության).
Marcus thought about that. He thought about whether life was shit, and whether Ellie's life in particular was shit, and then he realized that Ellie spent her whole time wanting life to be shit, and then making life shit by making things difficult for herself. School was shit because she wore her sweatshirt every day, which she wasn't allowed to do, and because she shouted at teachers and got into fights, which upset people. But what if she didn't wear her sweatshirt and stopped shouting at people? How shit would life be then? Not very, he thought.
Հ.Գ. Ֆիլմը շուտով կնայեմ: