13:07 , 17 հունվար, 2014
Ասում ա՝ Մհեր Խլղաթյանին ծեծելու, վրան սիգարետներ հանգցնելու ու անտերության մեջ մի քանի օր թողնելու գործով մի հոգու էլ են ձերբակալել` դասակի հրամանատար ինչ-որ ավագ լեյտենանտի: Էն որ 3 ձերբակալվածներին էլ պրեսսի տակ են մտցնելու` հարյուր տոկոս ա. ում կդատեն, ում էլ փողով բաց կթողնեն... էականը դա չէ:
Իրականում, հանցագործությունն է բավականին տրիվիալ, ու պետք չէ դետեկտիվ Կոլոմբո լինել, որ հասկանաս, թե ինչ է եղել, ոչ էլ էդ 3 հոգու դատվել-չդատվելուց ա կախված երևույթի արմատախիլ անելը: Բացատրեմ մանրամասն` սկսած նրանից, թե ի՞նչ է եղել, վերջացրած նրանով, որ էս 3-ին դատելով, ոչ մի բան էլ չի փոխվելու:
Դատելով ձերբակալվածների պաշտոններից՝ կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել հետևյալը. դասակի հրամանատար ավագ լեյտենենատը ինչ-որ հանձնարարություն է տվել, և այդ հանձնարարության ի կատար ածմանը հետևելու պատասխանատվությունը դրել է սերժանտական կազմի վրա: Սերժանտները շտապել են զինվորներին գործի դնելու, իսկ Խլղաթյանը, ով նոր զորակոչված է, հավանաբար չի ենթարկվել սերժանտին, ինչի համար նենց են ծեծել (հավանաբար խմբակային, մի քանի անգամ, նաև վերադասի մասնակցությամբ), որ ստիպված են եղել բուժկետ տանել: Բուժեկտի պետի հետ պայմանավորվածության են եկել, որ մի քանի օր պահի բուժկետում, մինչև կապտուկները կանցնեն ու փորձել են հնարավորինս ուշ տեղափոխել հոսպիտալ, դրա համար էլ թոքաբորբը խորացել ա էդ աստիճան:
Հիմա հարց. եթե այս տարբերակը մոտ է իրականությանը, ապա ի՞նչ կտա այդ 3 հոգուն դատելը (էն որ իրանք դատի արժանի են, կասկածից վեր ա): Մեծ հաշվով` ոչինչ: Կգան բուժկետի նոր պետեր, դասակի նոր հրամանատարներ, նոր սերժանտներ, որոնք կկրկնեն նույնը, կամ նման մի բան, որովհետև խնդրի պատճառներն ավելի խորն են:
Այ օրինակ ես կուզենայի, որ գործում մեղադրյալի կարգավիճակում հայտնվեր նաև զորամասի հրամանատարը, ով լայաղ չի արել բուժկետում ստուգայց անի ու տեսնի զինվորին, որը կիսամեռ է: Կարծում եմ՝ հանցավոր անփութությունը լավ հոդված է հրամանատարի համար:
Կուզենայի դատեին հրամանատարի տեղակալներին ու գումարտակի հրամանատարին, ովքեր լայաղ չեն անում շարային ստուգատեսներ անել, որի ժամանակ նաև կստուգեն զինվորների քանակն ու որպիսությունը:
Ու ամենակարևորը, կուզենայի, որ մի երկու զորամասում նման պատժիչ սանկցիաներ անցկացնեին, ու տեսեք, թե միանգամից ոնց կբարձրանա կարգապահությունն էլ, բարոյահոգեբանական մթնոլորտն էլ: Ավագ լեյտենանտին պատժելով՝ գնդապետին մեծ բան չես անում, իսկ այ երբ ուրիշ գնդապետներ տեսնեն, թե ոնց են նալել նման բացթողումներ թույլատրած այլ գնդապետի, տեսեք՝ ոնց ձեռնամուխ կլինեն իրենց ենթակա զորամասերում՝ նման արատավոր երևույթներն արմատախիլ անելուն:
Ասում են՝ ձուկը գլխից է հոտում, դրա համար էլ պետք է գլուխներից բռնել, ոնց կասեր Սերժը, այլ ոչ թե թեփուկներ հեռացնելով, թոզ փչել: