Նորույթ Ֆեյսբուքում. կայքը թույլ կտա հետևել թեմաների, որոնք ամենաշատն են քննարկվում


12:30 , 17 հունվար, 2014

Facebook սոցիալական ցանցը Trending («Թրենդներ») գործառույթ է թողարկում, որը թույլ կտա հետևել թեմաների, որոնք ամենաշատն են քննարկվում տվյալ պահին կայքում, գրում է digit.ru-ն:

Սոցցանցը սկսել է թեստավորել «Թրենդներ» բաժինը կայքի բրաուզերային տարբերակում ԱՄՆ-ում՝ դեռևս սեպտեմբերին: Բացի այդ, անցած տարի սոցցանցը ներկայացրել էր հեշթեգների գործառույթը: Թրենդները և հեշթեգները Twitter միկրոբլոգների ծառայության ամենապահանջված հնարավորություններից են:

Trending բաժինը կտեղադրվի օգտատիրոջ լրահոսի աջ կողմում՝ նրան առաջարկվող ընկերների ցանկի վերևում: «Նոր գործառույթը ստեղծվել է հետաքրքիր քննարկումներին հետևելու համար, որպեսզի կարողանանք գտնել Facebook-ում լավագույն կոնտենտը»,-հայտնել են Facebook-ից:

Թեմաների ցանկը, որն առաջարկվում է օգտատիրոջը, կանհատականացվի նրա հետաքրքրությունների թեմայի քննարկման ակտիվության հիման վրա: Յուրաքանչյուր թեմա կունենա վերնագիր, որը կարճ կբացատրի, թե ինչու է այն արդիական: Թրենդներից մեկի վրա սեղմելու դեպքում լրահոսի փոխարեն կերևա այդ թեմայով ընկերների գրառումները, ինչպես նաև բաց էջերից գրառումներ:

Թրենդները շարունակում են 2013 թվականի հունվարին սկսված Facebook-ի գործառույթների թողարկման ռազմավարությունը, որոնք թույլ կտան հետևել խոշոր իրադարձությունների, հայտնի մարդկանց կամ «թեժ» թեմաների մասին հետաքրքիր հանրային քննարկումներին:

tert.am