11:04 , 17 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Կոմունալ ծախսերի ավելացումը մարդկանց սոցիալական վիճակի վրա կունենա լուրջ բացասական ազդեցություն, և չի բացառվում, որ դա իր հերթին հանգեցնի սոցիալական ընդվզման: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նշենք, որ շարքային քաղաքացիներն արդեն մի քանի օր է հայտնվել են ծանր դրության մեջ: Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումով, ինչպես նաև դեկտեմբեր ամսվա ցրտի պատճառով մարդիկ կոմունալ ծախսերի համար հսկայական գումարներ են վճարում, շատերը նույնիսկ հայտնվել են շոկային վիճակում:
Գ.Մակարյանը նշեց, որ ինքը դեռ նախորդ տարի հայտարարել էր` գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման էֆեկտները մի քանի ամսից նկատելի կլինեն: «Այսօր պարզ է դառնում, որ բոլորն էլ կոմունալների համար մեծ գումարներ են վճարում, այն հասնում է միջինը 200-300 դոլարի, ինչը հավասար է միջին աշխատավարձին, իսկ եթե ընտանիքում աշխատում է մեկ հոգի, ապա պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ շոկ է ընտանիքի համար»,- ասաց նա:
Ըստ նրա` գների բարձրացմանը զուգահեռ այս տարի ունենք խստաշունչ ձմեռ, ինչը էլ ավելի ծանրաբեռնեց ծախսերը, քանի որ մարդիկ հարկադրված եղան նոմինալ ռեժիմից ավելի գազ և էլեկտրաէներգիա սպառել:
«Անձամբ ես դեկտեմբեր ամսին ծախսած գազի դիմաց վճարել եմ 112 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի համար` 78 հազար դրամ: Ընդհանուր առմամբ` վճարել եմ մոտ 200 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարի վճարել եմ դրա կեսը: Հիմա սակագների բարձրացման և ցրտի պատճառով կրկնակի եմ վճարում: Հակառակի պես, մեր ժողովրդի բախտն այս տարի չբերեց, որ գոնե ձմեռը մեղմ լիներ: Սա նշանակում է, որ գրեթե 4 ամիս մարդիկ կոմունալների համար մեծ գումարներ են վճարելու»,- ընդգծեց Գ.Մակարյանը:
Նրա կարծիքով` սպասվում է, որ հունվարին կոմունալ ծախսերն ավելի մեծ կլինեն` կապված ամանորյա պատրաստությունների, ինչպես նաև գրեթե 10 օրյա հանգստի պատճառով: Մարդիկ տանը մնալով ավելի շատ գազ և էլէկտրաէներգիա են սպառել: Բացի այդ, դեռ պարզ չէ, թե փետրվարին ինչ եղանակ է սպասվում: «Այսինքն` մինչև գարուն այդ ծախսերը ահռելի են լինելու, ուստի մարդկանց մոտ ընդվզելու ցանկությունը կուժեղանա»,- ընդգծեց Գ.Մակարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ