09:38 , 17 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրման դեմ հունվարի 18-ի հանրահավաքին, ասաց, որ ցանկացած ընդվզման արդյունավետությունը կախված է հրապարակում հավաքվածների թվից, իսկ Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը նման կոնսոլիդացիայի պարագայում չբացառեց սոցիալական ընդվզման հավանականությունը։ Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն էլ միավորումը որակեց «լուրջ մարտահրավեր իշխանություններին»։
Ըստ Կարեն Քոչարյանի՝ իրականում ընդվզման բնույթը կապ չունի դրա արդյունավետության հետ։ «Կապ չունի բունտը սոցիալական է, քաղաքական է, թե քաղաքացիական է, նրա արդյունավետությունը կախված է հրապարակում հավաքվածների թվաքանակից»,- ասաց քաղտեխնոլոգը՝ հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է իրենց կամքով հրապարակ գնացածների մասին և ոչ թե փողով բերվածների։
Ավելին՝ քաղտեխնոլոգի համար դեռ հարց է, թե այդ 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն իսկապե՞ս կհամախմբվեն։ «Դեռ մեծ հարց է՝ կհամախմբվե՞ն, թե՞ ոչ։ Արդեն իսկ «Ժառանգությունից» Դավիթ Սանասարյանն ասում է, որ՝ ես չեմ մասնակցի մի տեղ, որտեղ ԲՀԿ-ն կա։ Արդեն նման հայտարարություններ կան»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ոչ իշխանական 4 խորհրդարանական ուժերը՝ «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները և «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին նախատեսում են անցկացնել հանրահավաք ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի։
Կարեն Քոչարյանը նկատեց, թե մինչ այս էլ եղել են տարբեր հանրահավաքներ և ոչ մի արդյունք չեն ունեցել հրապարակում հավաքվածների սակավության պատճառով։ «Նույն քաղաքացիական բոլոր նախաձեռնությունները՝ բացառությամբ տրանսպորտի սակագնի 100 դրամի շարժման, երբ անմիջապես կպավ նրանց գրպանին, հաջողություն չունեցան, ես Մաշտոցն էլ (նկատի ունի Մաշտոցի պուրակի պայքարը-Tert.am) չեմ համարում հաջողություն, որովհետև այդ ամեն ինչին 100-200 մարդ էր մասնակցում»,- բացատրեց նա։
Դիտարկմանը, թե այս դեպքում էլ են գրպանին հարվածում, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Իհարկե, բոլորի շահերին է կպնում գազի գինը, բայց դուրս կգան, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, ինչպես ասում են поживём-увидим»։
Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում նախ հստակեցրեց, որ Նախախորհրդարանը նույնպես հունվարի 18-ին կմասնակցի հանրահավաքին, և այս քաղաքական ու քաղաքացիական ուժերի կոնսոլիդացման պարագայում չբացառեց սոցիալական ընդվզման հավանականությունը։ Սակայն նա ընդգծեց, որ եթե նույնիսկ ընդվզում լինի, դժվար թե դա լինի երկիրը ծանր վիճակից դուրս բերելու միջոց։
«Սոցիալական բունտը չէի բացառի, որ հնարավոր է, բայց չեմ կարծում, որ հենց սոցիալական ընդվզումն է հարցի
լուծումը։ Չեմ կարծում, որ դա անցնցում կհանի մեր երկիրն այս վիճակից, գուցե սոցիալական բունտի արդյունքում մի քանի հոգի պատժվեն կամ հեռացվեն իրենց պաշտոնից. չնայած՝ դա էլ չեմ սպասում, ինչպես մեր իշխանություններն ապացուցել են՝ ոչ մի փոխզիջման պատրաստ չեն»,- ասաց նա։
Ըստ Վարդան Հակոբյանի՝ քաղաքացիական ընդվզումը քաղաքականի կվերածվի, եթե կոնսոլիդացիա լինի ծրագրային իմաստով և ոչ թե միայն ինչ-որ թիրախային ծրագրերի լուծման նպատակով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ