11:56 , 20 հունիս, 2012
Երբեմն ապշահար եմ լինում, թե ոնց կարող են մեր ներքաղաքական թատերաբեմում այդքան բարձր դիրք զբաղեցնել այնպիսի ապաշնորհ մարդիկ, ովքեր վնասից բացի այլ օգուտ չեն կարողանում ոչ միայն այս երկրին, այլ անգամ այն ուժերին որի շահերը իրենք պետք է պաշտպանեն։ Ասածիս վառ օրինակը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն է՝ «Հարսնաքարի» տխրահռչակ դեպքերի վերաբերյալ արված իր վերջին հայտարարություններով։ Մեջբերում եմ ամենաուշագրավ մասերը.
«Եթե այդ տեսանկյունից նայեք, ուրեմն Երևանում ինչ հանցագործություն լինի մեղավորը քաղաքապե՞տն է, Վանաձորում` Վանաձորի քաղաքապե՞տը, իսկ եթե ողջ Հայաստանում` հանրապետության նախագահն ու ոստիկանապե՞տը: Սա մամուլի մոտեցումն է ու նրանց կոչ կանեի ցեխ չշպչտել ժողովրդի ընտրյալի վրա: Երկրորդ, կա ոստիկանություն, և ոստիկանությունը, կարծում եմ, այնքան հնարավորություն և ուժ ունի, որ կպատժի նրանց, ովքեր խախտում են օրենքը: Իսկ բոլոր նրանք, ովքեր պատվեր են կատարում` փորձելովստվերել Ռուբեն Հայրապետյանի կերպարը, անշնորհակալ գործ են անում»
Հարգելի պարոն Շարմազանով, ախր հասկացանք, որ ի պաշտոնե դուք բնականաբար չեք կարող բարձրաձայնել այն մեխանիզմների ու տեխնոլոգիաների մասին, որի շնորհիվ հերթական մականունավոր գործարարը դարձել է «ժողովրդի ընտրյալ», բայց խնդրում եմ, պետք չէ հիմարի տեղ դնել ժողովրդին, որովհետև ձեր դրսևորած ցինիզմը բնավ էլ չի ավելացնի ոչ այն քաղաքական ուժի վարկանիշը, որին դուք եք ներկայացնում, ոչ էլ այդ քաղաքական ուժի գլխին կանգանած երկրի նախագահինը։ Ավելին, նման վարկանիշներով դուք մենակ լրացուցիչ խնդիրներ եք ստեղծում։
Ինչ վերաբերում է Հայրապետյանի կերպպարը ստվերելուն, ապա կարծում եմ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա գոնե մեկը, այդ թվում հենց ինքը՝ Հայրապետյանը, ով անկեղծորեն կփորձի ապացուցել, որ նրա կերպարը առանց այն էլ այնքան է ստվերված, ինչքան իր բիզնեսը, իսկ ով բարձրաձայնում է այս հանգամանքի մասին շատ լավ գործ է անում, քանի որ ընդվզում ու բողոքում է երկրում առկա ճչուն խնդիրներից մեկի մասին։
«Ժողովրդավարական երկրում չի կարելի մարդու անվան վրա ցեխ շպրտել, երբ այդ մարդը տարիներով անուն է ձեռք բերում: Ի՞նչ կապ ունի նա այդ միջադեպի հետ: Նրանք, ովքեր նրա հասցեին նման հայտարարություններ են անում, լավ կլինի գնան ու այդ ընտրատարածքում իրենց թեկնածությունն առաջադրեն, տեսնենք, ինչքա՞ն ձայն կհավաքեն: Հիմա ԱՄՆ-ում երբ հանցագործություններ լինեն, ուրեմն պետք է ասենք Ռոթֆելլերնե՞րն են մեղավոր, քանի որ Նյու Յորքի կեսն այս ընտանիքին է պատկանում»
Դե իսկ այս մեջբերումում Շարմազանովը պարզապես փայլատակեց իր տգիտությամբ ու ցինիզմի գերմարդկային կենտրոնացումով։ Նախ,
պարոն Շարմազանով, ժողովրդավարական երկրում նման պատմության մեջ հայտնված քաղաքական գործիչը կարող էր խաչ քաշել իր քաղաքական կարիեռայի վրա, եթե չասեմ սեփական ազատության վրա։ Ի՞նչ կապ ունի Հայրապետյանը. ՆՐԱ ՄԱՐԴԻԿ ԹՔԵԼՈՎ ՕՐԵՆՔԻ ՈՒ ՀԱՍՐԱԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՎՐԱ ԻՐԵՆՑ ԹՈՒՅԼ ԵՆ ՏՎԵԼ ԱՆՆԵՐԵԼԻ ԱՐԱՐՔ, որի համար պատասխանատվություն պետք է կրի նրանց այդքան դուխ տված նրանց տերը ևս։
Ի՞նչ է նշանակում գնացեք ձեր թեկնածուին առաջադրեք, տեսնենք ինչքան ձայն կհավաքի։ Եթե Լֆիկը, ում կներեք արտահայտությանս համար, բայց սաղ ազգը մեր է քրֆում կարողանում է «արդար ու թափանցիկ» ընտրությունների արդյունքում դառնալ էդ ձեր ասած «ժողովրդի ընտրյալ», նույն ձեր Նեմեցը, ով հեռուստաեթերի կես ժամի ընթացքում այդպես էլ չկարողացավ մի գրագետ նախադասություն ասել էլի «ժողովրդի ընտրյալ է» դառնում, ապա բնականաբար, աշխարհի ամենասուրբ ու խելացի մարդուն էլ առաջադրենք, էլի չի անցնի, որովհետև հաշվողը դուք եք։
Դե իսկ վերջում պարոն Շարմազանով, ուղղակի ակնարկեմ, որ ձեր ասած ՌոԹվելլերը շան տեսակ է, իսկ «Նյու Յորքի կեսի սեփականատեր» ընտանիքը ՌոՔֆելլերների ընտանիքն է… Զարմանալի չէ, որ դուք լինելով խոշորագույն կուսակցության մամուլի խոսնակ չգիտեք նման բաներ, քանի որ հիշում եմ, թե ինչպես մի անգամ էլ ՄԱԿ հապավումը բացեցիք որպես Միացյալ Ազգությունների Կազմակերպություն…
Ամոթ է…