Շտապօգնությունը հրաժարվել է հոսպիտալացնել անօթևանին. տնօրենը հերքում է


03:49 , 16 հունվար, 2014

Newsbook-ը գրել է, որ Երևանում ցրտահարությունից մահացել է անօթևան մի տղամարդ, ում մահվան մեջ Բաշինջաղյան 184 շենքի բնակիչները մեղադրում են շտապօգնությանը: Բնակիչները Panorama.am-ին հայտնել էին, որ դեկտեմբերի 27-ին, լսելով տղամարդու` Հայկ Ղուկասյանի տնքոցները, ահազանգել են շտապօգնություն, սակայն կանչով եկած բրիգադը հրաժարվել է տեղափոխել տղամարդուն հիվանդանոց` պատճառաբանելով, թե նա անօթևան է, «կմահանա և կմնա նրանց վրա»:

Տղամարդու վիճակը գնալով ավելի է վատացել և միայն շտապօգնության` արդեն երկրորդ անգամ կանչված բրիգադին ոստիկանությամբ սպառնալուց հետո նոր, վերջինս Ղուկասյանին տեղափոխել է հիվանդանոց, ով այնտեղ և մահացել է:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը NewsBook-ի հետ զրույցում հերքեց այս ինֆորմացիան և ասաց, որ Հայկ Ղուկասյանին առաջին անգամ օգնության գնացած բրիգադը չի տեղափոխել հիվանդանոց, քանի որ նա կամավոր հրաժարվել է:

«Սուտ է, նման բան չկա, մեզ մոտ առկա է համապատասխան փաստաթուղթը, որում Ղուկասյանը հրաժարվել է բժշկական օգնությունից»,-ասաց Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ NewsBook-ը հրապարակման վերաբերյալ հարցում էր ուղղարկել նաև ՀՀ ոստիկանությանը, որին ի պատասխան` ոստիկանությունը գրել էր, որ այս դեպքի կապակցությամբ քրեական գործ չի հարուցել:

Արաքս Մամուլյան