Այսօր Մարտին Լյութեր Քինգի ծննդյան օրն է


19:25 , 15 հունվար, 2014

Քաղաքացիական իրավունքների ջատագով, բապտիստ քարոզիչ Մարտին Լյութեր Քինգը ծնվել է 1929թ. ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում: 1950-ական թվականներից սկսած նա առաջնորդել է ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների զանգվածային շարժում: Մ.Լ. Քինգը կրթություն է ստացել Ատլանտայի Մորհաուզ քոլեջում և ավարտել այն 1948 թվականին, ապա (1951-ին) աստվածաբանության ոլորտում աստիճան է ստացել Փենսիլվանիայի Չեսթեր քաղաքի Քրոզեր սեմինարիայից։ 1955- ին ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան Բոստոնի համալսարանից:  1954թ-ին նա դարձավ հոգևորական Ալաբամայի Մոնտգոմերի քաղաքում, որտեղ նա գլխավորեց ռասսայական խտրականությամբ  ղեկավարվող հասարակական տրանսպորտի զանգվածային բոյկոտը։ Քինգի գլխավորությամբ սեւամորթ հանրությունը 382 օր բողոքի ակցիա է կազմակերպել: Արդյունքում 1956 թվականին ԱՄՆ-ի բարձրագույն դատարանն օրենք է ընդունել, ըստ որի սեւամորթ եւ սպիտակամորթ անձինք միասին են երթեւեկելու: Մարտին Լյութեր Քինգը համաամերիկյան հռչակ ձեռք բերեց՝ կազմակերպելով և ղեկավարելով «Քրիստոնեական ղեկավարման հարավային կոնֆերանսը»՝ խրախուսելով քաղաքական ակտիվության ոչ բռնի տակտիկա, ինչպիսին էր 1963թ. «Դեպի Վաշինգթոն» երթը՝ սևամորթերին քաղաքացիական իրավունքներ շնորհելու պահանջով։ 

Այսօր ամերիկացի յուրաքանչյուր աշակերտ գիտի 1963 թվականին Մարտին Լյութեր Քինգի կողմից հնչեցված «Ես երազանք ունեմ» պատմական ելույթի խոսքերը: 

«Ես երազանք ունեմ, որ մի օր իմ 4 երեխաները կապրեն մի երկրում, որտեղ նրանց կդատեն` հաշվի առնելով ոչ թե մաշկի գույնը, այլ նրանց էությունը»,- հայտնի ելույթի ժամանակ ասել է Քինգը:

Նա սպանվել է Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում, 1968 թվականի ապրիլի 4-ին, 39 տարեկան հասակում` սպիտակամորթ ֆանատիկոսի գնդակից: