«Հրապարակ». Սերժ Սարգսյանի Հարավային Կորեա կատարած այցը շարքայիններից չէ ոչ թե գեոքաղաքական, այլ ներքաղաքական առումով


08:42 , 15 հունվար, 2014

«Հանրապետական շրջանակները պնդում են, որ Սերժ Սարգսյանի Հարավային Կորեա կատարած այցը շարքայիններից չէ։ Սակայն ուշագրավ է, որ ոչ թե գեոքաղաքական, այլ ներքաղաքական առումով։ Նախ, որ նա այնտեղ է մեկնել նույն այն թիմով, որի հետ օգոստոսի վերջերին մեկնել էր Խորվաթիա՝ Մաքսային միությանն անդամագրվելու վերաբերյալ հայտարարությանը նախորդած հայտնի «ընդհատակյա» բանակցություններին ու հանդիպումներին մասնակցելու։

Հիշեցնենք, որ Խորվաթիայում՝ Արա Աբրահամյանի բնակարանում, հանդիպումների շարք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր մի ողջ էսկադրոն Ռուսաստանից, այդ թվում Սերգեյ Իվանովը՝ Պուտինի աշխատակազմի ղեկավարը։ Կրկին Ս. Սարգսյանի հետ Հարավային Կորեա են մեկնել Արթուր Բաղդասարյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Արա Աբրահամյանը։ Թե հայոց այս կվարտետն ինչ «նուրբ» հարցեր է այնտեղ քննարկել, կերևա ոչ շուտ՝ տեղեկացրին մեր աղբյուրները։ Սակայն, մեր տեղեկություններով, դրանք առնչվելու են ներքաղաքական դասավորություններին, «նախագահի ժառանգորդ» օպերացիային և, իհարկե, սահմանադրական սպասվելիք փոփոխություններին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։