Դեղագործները կանանց համար ևս վիագրա են ստեղծել


23:06 , 14 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Գիտնականները սկսել են փորձարկել դեղամիջոցը, որը կօգնի կանանց մոտ խթանել սեռական ցանկությունը, ինչպես նաև կօգնի նրանց նիհարել:

Դեղագործական ընկերությունները տարեկան մոտ 2.5 մլրդ դոլար են ծախսել` կանանց համար վիագրա ստեղծելու նպատակով, հաղորդում է Mail Online-ը: Սակայն կանանց լիբիդոյի ուժեղ հոգեբանական հիմքի պատճառով գիտնականներին դեռևս չի հաջողվել գտնել դեղամիջոցի համար անհրաժեշտ բաղադրիչ տարրերը:

Ուղեղի վրա ազդող և սեռական ցանկություն առաջացնող նյութը մելատոնինի սինթետիկ տարբերակն է:

Բազմաթիվ փորձերից հետո, ըստ գիտնականների, քիչ թե շատ հաջողված կարելի է համարել ORLIBID բրիտանական ընկերության արտադրած դեղամիջոցը: Այն ավելի քիչ կողմնակի ազդեցություն ունի, քան նախորդ տարբերակները: Նշվում է, սակայն, որ դեղահաբերը կարող են սրտխառնոց առաջացնել: Այժմ գիտնականները պետք է պարզեն` արդյոք դրանք կախվածություն չե՞ն առաջացնում: 

Եթե պարզվի, որ դեղամիջոցն անվտանգ և արդյունավետ է, այն կարող է վաճառքում հայտնվել 2015-ի վերջին: