15:17 , 14 հունվար, 2014
Կարծում եմ, որ մայրաքաղաքում ապրող յուրաքանչյուր մեկին, քիչ, թե շատ, հետաքրքրում է Երևանի ապագան՝ ամենատարբեր տեսանկյուններից՝ հարմարավետության, ապրանքների ու ծառայությունների գների, կլիմայի և այլն: Համոզված եմ, որ եթե մենք առաջնորդվեինք այն համոզմամբ, որ ամենաճիշտը մայրաքաղաքը վերակառուցելն է ո՛չ թե անցյալի նմանությամբ, ո՛չ ժամանակակից չափանիշներին համապատասխան, և ո՛չ էլ տուրիստների ճաշակով, այլ՝ մեր երեխաների համար, ապա մեր հոգեկերտվածքին ավելի համահունչ մայրաքաղաք կունենանք:
Երևանում անբեկանելիորեն աճող սուպերմարկետները և եկեղեցիները, այս տեսակետից, ոչ մի լավ ապագա չեն խոստանում՝ սպառողական հոգեբանություն ձևավորումից խուսափելու առումով: Դրանք սխալմամբ չպետք է ընկալվեն որպես նյութական և հոգևոր սնունդի խորհրդանիշներ: Սուպերմարկետների տարածումն ընդամենը վկայում է մեզանում տարածվող սպառողական հոգեբանության և բուրժուական (հարմարավետություն, մատչելիություն, հասանելիություն, ժամանց) արժեհամակարգի մասին: Այս հարցում առանձնապես խորը իմաստներ փնտրելու կարիք, երևի թե, չկա: Բայց արդեն թանկարժեք եկեղեցաշինությունը աշխարհիկ պետության մայրաքաղաքում իրականում որոշակի հավակնություններ ունի՝ հենց էթիկական առումով: Բանն այն է, որ եկեղեցին բոլոր դարերում հավակնել է սեփականաշնորհել բարոյականը, այն սահմանափակելով միայն կրոնի շրջանակներում, կամ՝ պարզապես վերագրելով բարոյականը կրոնին: Եկեղեցին, արդեն սոցիալական ինստիտուտի կարգավիճակում, հավակնում է հանդես գալ որպես ինստիտուցիոնալացված բարոյականություն: Սա, իհարկե, դեռ ո՛չ իրականություն է, ո՛չ էլ՝ ճշմարիտ կամ արդարացված դիրքորոշում, բայց՝ եկեղեցու հավակնություն:
Սակայն փիլիսոփայական ճշմարտությունն ասում է, որ բարոյականը զուտ կրոնական երևույթ չէ: Դեռ ավելին՝ նույնն են էթիկականն ու էսթետիկականը: Երկուսն էլ ճաշակի հարց են: