15:40 , 14 հունվար, 20141 Նոր Զելանդիա

Նոր Զելանդիայում ողջույնի հատուկ սովորույթ կա, որը կոչվում է «հոնգի»: Այս հինավուրց սովորույթը ենթադրում է, որ իրար տեսնելիս մարդիկ պետք է քթերով քսմսվեն իրար:
2 Տիբեթ

Լեզու հանելը աշխարհի բազում վայրերում անդաստիարակության մասին է վկայում, սակայն Տիբեթում դա ողջույնի սովորական եղանակ է, որը գալիս է դեռևս 9-րդ դարից:
3 Թուվալու

Պոլինեզիայի Թուվալու կղզում ընդունված է ողջույնի բավականին տարօրինակ մի ձև: Այս կղզու բնակիչները դեմքը ամուր հպում են դիմացինի այտին և քիթը վեր քաշում:
4 Քենիա

Քենիայի Մաասայ ցեղն աչքի է ընկնում յուրահատուկ սովորույթներով: Այս ցեղի անդամները ողջունում են իրենց ընկերներին՝ նրանց դեմքի վրա թքելով: Ուշագրավ է նաև, թե ինչպես են նրանք ողջունում իրենց այցելուներին: Այս ցեղի մարդիկ իրենց հյուրերին դիմավորում են մի վառ պարով, որը կոչվում է «ադամու» (թռչկոտելու պար): Այս պարի սկզբում մարդիկ պարելուն զուգահեռ պատմություն են պատմում, իսկ վերջում՝ շրջան կազմում ու մրցում, թե իրենցից ով ամենից բարձր կցատկի: Այս կերպ նրանք ցուցադրում են այցելուներին իրենց ցեղի քաջությունն ու ուժը: Այս պարից հետո այցելուներին հրամցնում են կովի կաթի ու արյան խառնուրդից պատրաստված ըմպելիք:
5 Մոնղոլիա

Իրենց տանն անծանոթ հյուրի ընդունելիս մոնղոլները հադա են նվիրում նրան: Հադան մետաքսի կամ բամբակի կտոր է: Ըստ տեղի ավանդույթների՝ հյուրը պետք է այն ամուր պահի երկու ձեռքով և թեթևակի խոնարհի գլուխը: Հադա նվիրելը և գլուխ խոնարհելը փոխադարձ հարգանքի նշան է համարվում:
6 Ավստրալիա

Ավստրալիայի աբորիգենական ցեղերից մեկում տղամարդիկ ողջունելիս իրար ձեռք սեղմելու փոխարեն թափահարում են առնանդամը:
7 Ճապոնիա

Ճապոնիայում մարդիկ իրար ողջունում են խոնարհվելով: Նրանք կարող են պարզապես թեթևակի հակել իրենց գլուխը կամ խոնարհվել մինչև իրան: Եթե հյուրերին ընդունում են տատամիի վրա՝ թե՛ հյուրընկալողները, թե՛ հյուրընկալվողները պետք է ծնկի իջնեն և ապա միայն խոնարհվեն: Որքան ավելի երկար և ավելի ցածր է խոնարհվում մարդ, այնքան ավելի մեծ հարգանք է նա ցուցաբերում դրանով դիմացինի հանդեպ: Գլխի թեթևակի խոնարհումով բարևելը տարածված է երիտասարդ ճապոնացիների շրջանում՝ իբրև ողջույնի ոչ պաշտոնական եղանակ:
8 Գրենլանդիա

Արկտիկայի բազմաթիվ մասերում, այդ թվում՝ Գրենլանդիայում, էսկիմոսների ավանդական ողջույնը կոչվում է կունիք: Կունիք ողջույնի ձևը տարածված է միևնույն ընտանիքի անդամների կամ շատ մտերիմ մարդկանց շրջանում: Այս կերպ ողջունելիս մարդ իր քիթը և վերին շրթունքը հպում է իր մտերիմ մարդու դեմքին և խոր շունչ քաշում: Միակ խնդիրն այն է, որ եթե ցածր ջերմաստիճանի տակ ֆսսացող քթով հպվեք ինչ-որ մեկի դեմքին՝ դուք կարող եք կպած մնալ նրան:
9 Թայլանդ

Թայլանդի բնակիչները միմյանց ողջունելիս ձեռքի ափերն այնպես են միացնում՝ ասես աղոթելիս լինեն և թեթևակի խոնարհվում են մարմնով: Ձեռքերի դիրքը շատ կարևոր նշանակություն ունի: Համարվում է, որ որքան ավելի բարձր են ողջունողի ձեռքերը, այնքան ավելի մեծ հարգանք է տածում նա իր դիմացինի նկատմամբ: Երբ այս ավանդույթը դեռ նոր էր մտել Թայլանդի մշակույթի մեջ, մարդիկ ձեռքերի ափերն իրար էին միացնում՝ ցույց տալու համար, որ իրենց ձեռքին զենք չկա:
10 Ֆիլիպիններ

Ֆիլիպիններ այցելող ճանապարհորդները կարող են ականատես լինել աշխարհի ամենայուրահատուկ ողջույնի ձևերից մեկին: Երբ երիտասարդ մարդը ողջունում է իրենից տարիքով մեծ մարդու, նա պետք է թեթևակի խոնարհի գլուխը, բռնի իրենից մեծ անձնավորության աջ ձեռքը և դնի այն իր ճակատին: