21:00 , 14 հունվար, 2014
Չինաստանում փիղ-մարդու դեմքից հեռացրել են հսկայական ուռուցքը: Այն 1.5 կգ էր կշռում: Մյուս` 17.5 կգ կշռող ուռուցքից նա ազատվել է երկու վիրահատությունների արդյունքում, որոնք արվել են 2007 և 2008թ.-ին: Հուան Չինկայ անունով չինացին վերջին անգամ վիրահատության է ենթարկվել դեկտեմբերի 25-ին:

Դեկտեմբերի 29-ին լրացավ տղամարդու 36-ամյակը: Հսկայական ուռուցքները հայտնվեցին նրա դեմքին դեռ մանուկ հասակում: Ամեն ինչ սկսվեց ձախ աչքի մոտ առաջացած փոքրիկ գոյացությունից, երբ նա դեռ 4 տարեկան էր: Դեռահասության տարիներին ձախ աչքն ամբողջովին կուրացավ: Ուռուցքն այնքան մեծ էր, որ տղամարդը չէր կարողանում ուղիղ կանգնել և արդյունքում նրա մոտ խնդիրներ սկսվեցին ողնաշարի հետ: Այդ պատճառով նրա հասակը ներկայումս կազմում է 1.35 մ:

Հուան Չինկայ տառապում է նեյրոֆիբրոմատոզով: Դա ժառանգական հիվանդություն է, որն առաջացնում է զարգացման խանգարումներ, այդ թվում նաև հիվանդի մարմնի վրա առաջանում են մեծ ուռուցքներ: Չինացի հիվանդի դեպքը համարվում է այդ հիվանդության ամենածանր արտահայտումներից մեկը:

2007 և 2008 թ.-ին արված վիրահատություններից հետո բժիշկները կարծել են, որ հիվանդին ազատել են ուռուցքներից, բայց դրանք կրկին հայտնվեցին: 6 տարիների ընթացքում ուռուցքն այնքան էր մեծացել, որ կրկին վիրահատության կարիք առաջացավ: Բժիշկներն ասում են, որ փիղ-մարդու պայքարը ուռուցքի դեմ դեռ հեռու է ավարտից, նրան սպասվում է առնվազն երկու վիրահատություն:


