Եվրոպական Airbus-ը շրջանցել է ամերիկյան Boeing-ին


13:43 , 14 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Եվրոպական Airbus օդանավաշինական ընկերությունը 2013 թվականին ստացած պատվերների քանակով գերազանցել է իր հիմնական մրցակցին՝ հյուսիսամերիկյան The Boeing Company ընկերությանը: Airbus-ը 2013 թվականին ստացել է 1619 օդանավի պատվեր՝ ընդհանուր 240,5 մլրդ դոլար գումարի, իսկ Բոինգ ընկերությունը ստացել է 1531 օդանավի պատվեր: Այսպես ասած մաքուր պատվերներով էլ՝ չեղյալ հայտարարված պատվերները հանած, Airbus-ն անցել է Բոինգից՝ 1503-ը 1355-ի դիմաց:

Airbus-ը պատվերների քանակով հյուսիսամերիկյան մրցակցին գերազանցել է հիմնականում այն բանի շնորհիվ, որ կարողացել է ստանալ կայուն պայմանագիր Japan Airlines (JAL) ավիաընկերությանը 31 լայնիրան A350 օդանավ մատակարարելու համար:

Այդպիսով, Airbus-ի պատվերների ընդհանուր ծավալը կազմում է 5559 օդանավ, ընդհանուր 809 մլրդ դոլար գումարի: Այդպիսով, ավիաընկերությունն իրեն ապահովել է ութ տարիների արտադրության համար: Դա թույլ է տվել ընկերությանը 2013 թվականին աշխատանքի վերցնել 3 հազար մարդու: 

Boeing-ի ընդհանուր պատվերների փաթեթ զիջում է եվրոպական ընկերությանը 479 օդանավով: Սակայն, փորձագետները նշում են, որ վաղ է խոսել Airbus-ի առաջատարության մասին:Մրցակցությունը, ըստ նրանց, բավական սուր է եւ կշարունակվի դեռ տարիներ: 

Օրինակ, մատակարարված օդանավերի թվով առաջատարը ամերիկյան ընկերությունն է: 2013 թվականին Boeing-ը 948 օդանավ է մատակարարել պատվիրատուներին, իսկ եվրոպական ընկերությունը՝ 626: 

Միեւնույն ժամանակ, եվրոպական ընկերությանը հաջողվում է արդեն 12 տարի շարունակ ավելացնել մատակարարումների ցուցանիշը: Սակայն կարճաժամկետ հատվածում փորձագետները  վստահ են, որ հավասար դիմակայությունը կշարունակվի, քանի որ չնայած պատմության կտրվածքով եվրոպական արտադրողի սրընթաց վերելքին, ներկայումս երկու ընկերությունների արտադրական հզորությունները հավասար են եւ մրցակցությունը դեռ կշարունակվի: