Ամերիկացի լրագրողին արտաքսել են Ռուսաստանից. սա սառը պատերազմից հետո առաջին դեպքն է


13:31 , 14 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ամերիկացի լրագրող Դևիդ Սեթերին առանց պատճառների արգելել են մուտք գործել Ռուսաստան՝ հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը: 

The Financial Times-ի նախկին լրագրող և Ռուսաստանի, Խորհրդային Միության մասին մի քանի գրքերի հեղինակ Սեթերին Մոսկվայում հաստատվել էր 2013թ. սեպտեմբերին՝ որպես «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից: 2013թ. դեկտեմբերին Սեթերը մեկնել է Կիև և ցանկացել է երկարացնել իր այցագիրը, սակայն Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատանը լրագրողին հայտարարել են. «Կոմպետենտ մարմինները որոշել են, որ ձեր հետագա ներկայությունը Ռուսաստանի տարածքում ցանկալի չէ»:

Հաղորդվում է, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլը քննարկել է Սեթերի շուրջ ստեղծված իրավիճակը ՌԴ փոխարտգործնախարարի հետ:

Բրիտանական պարբերականը նշում է, որ Սեթերի արտաքսումը դարձել է լրագրողի արտաքսման առաջին դեպքը սառը պատերազմի ժամանակներից ի վեր: