Մեր չինովնիկների զավակները հավակնություններ ունեն դառնալու ավելի վատը, քան իրենց հայրերը


11:06 , 13 հունվար, 2014

Քաղաքապետարան ունենք, աշխարհը չունի: Մենակ Հայաստանում միջին օղակի չինովնիկը կամ նրա հարազատը կարող է պարբերաբար հայտնվել սկանդալների ու անգամ քրեական պատմությունների կիզակետում, և դա մնա անհետևանք այդ չինովնիկի կարիերայի վրա:
Ինչպես արդեն գրել են բազմաթիվ կայքեր և ինչպես արդեն հաստատել են ոստիկանությունից, ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդյակին (ով նույն այն խրոխտ երիտասարդն է, ում տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների ժամանակ ակտիվիստները փչացրեցին)` կռիվ անելու համար:
1986 թվականին ծնված Դավիթ Նավասարդյանին պատկանող (հարց է առաջանում, թե որտեղից 27 տարեկան լակոտին նման մեքենա) «Պորշ Կայեն» մեքենայի խուզարկության արդյունքում դրա միջից հայտնաբերել են մի հատ մեծ դանակ ու թմրանյութ: Ի դեպ, Դավիթ Նավասարդյանն էլ տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ցանկացած նորմալ երկրում, անկախ այս պատմության եզրահանգումից, Հենրիկ Նավասարդյանը հրաժարական կտար, իսկ դատաքննությունը կորոշեր Դավիթ Նավասարդյանի մեղավորությունը, իսկ Հայաստանում ամեն ինչ այլ է, ու ես կզարմանամ, որ մեր «Գնա քու» Հենրիկը հրաժարական տա, կամ էլ հեռացվի պաշտոնից, ու էլ ավելի կզարմանամ, եթե դրա դանդալոշ որդյակը պատասխանատվության ենթարկվի: Լավագույն դեպքում թմրանյութի պահը իր վրա կվերցնի Նավասարդյան կրտսերի հետ բերման ենթարկվածներից մեկը` դառնալով քավության նոխազ, ու պատմությունը որոշ ժամանակ անց կմոռացվի:

Հ.Գ. Նկատո՞ւմ եք՝ մեր չինովնիկների զավակները հավակնություններ ունեն դառնալու ավելի վատը, քան իրենց պապաները...