10:53 , 13 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
2009 թվականին Մոսկվայի քննչական մեկուսարանում մահացած Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու դեմ նոր գործ է հարուցվել: Նրան մեղադրում են 5.4 միլիարդ ռուբլու յուրացման մեջ: Այս մասին Ինտերֆաքսին ասել են հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Դեռևս պարզ չէ, թե գործը երբ է հարուցվել: Գործակալության տվյալներով, Մագնիտսկու մայրը փորձել է բողոքարկել Մոսկվայի Տվերյան դատրանում, սակայն նրա բողոքը չի բավարարվել: Դատարանը, բացի այդ, թույլ չի տվել Մագնիտսկու հարազատներին ծանոթանալ գործի նյութերին:
Մագնիտսկու դեմ առաջին գործը իրավապահները բացել են 2008 թվականին: Նրան մեղադրել են 500 միլիոն ռուբլի հարկերից խուսափելու մեջ: Գործի շրջանակներում նրան տեղափոխել են «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարան, որտեղ 2009 թվականի նոյեմբերին նա մահացել է:
Մահվան պատճառով գործի քննությունը դադարեցվել է: 2011 թվականին Ռուսաստանի գլխավոր դատախազության պահանջով այն վերսկսվել է, իսկ 2013թ ամռանը դատարանը հետմահու մեղավոր է ճանաչել նրան: Իրավաբանի հարազատները պնդում են, որ դատն անօրինական է: Նրա փաստաբանները նշում են, որ օրենսդրության համաձայն, մահացածներին կարելի է դատել կամ հարազատների պահանջով կամ էլ ռեաբիլիտացիայի նպատակով: