08:08 , 13 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ներկայում Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը գտնվում է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, որտեղ այցելել էր կիրակի՝ մերձավորարևելյան երկրներով աշխատանքային այցի շրջանակում:
RIA Novosti-ն՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Բեյրութից հետո Իրանի արտգործնախարարը կայցելի Իրաք և Հորդանան, իսկ այնուհետև՝ Դամասկոս:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Իրանը կարող է կարևոր դեր խաղալ սիրիական ճգնաժամի լուծման գործում, սակայն միայն որպես «Ժնև 2» համաժողովի ոչ պաշտոնական մասնակից: Համաժողովը ծրագրված է հունվարի 22-ին:
Քերին դա բացատրել է նրանով, որ Իրանը չի ընդունել պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել 2012-ին կայացած «Ժնև-1»-ում:
Հաղորդվել է, որ Իրանի մասնակցության հնարավոր պայմաններից մեկը կարող է դառնալ ռմբակոծությունների դադարեցման և մարդասիրական միջանցքի բացման մասին ուղերձը պաշտոնական Դամասկոսին:
Իրանի իշխանությունները վճռականորեն տրամադրված են մասնակցության, սակայն հրաժարվում են ընդունել որևէ նախապայման:
Ինչպես սպասվում է՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 13-ին երկկողմ հանդիպման ընթացքում կքննարկեն «Ժնև-2»-ում Իրանի մասնակցության հարցը: