Տիգրան Սարգսյանը խոստովանել է, թե ինչու էր ժամանակին մասնակցում փուչիկի փչմանը


18:36 , 11 հունվար, 2014

Տիգրան Սարգսյանը խոստովանել է, թե ինչու էր ժամանակին մասնակցում փուչիկի փչմանը168.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր երկրորդ պատասխանն է հրապարակել՝ արձագանքելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ իր տարեվերջյան ասուլիսում Տիգրան Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ մինչճգնաժամային տարիներին շինարարական փուչիկ էր փչվել, ինչը ճգնաժամի ժամանակ պայթեց և բացասական հետևանքներ ունեցավ ՀՀ տնտեսության համար։ Ռ. Քոչարյանը այդ տեսակետին ի պատասխան բավականին կոպիտ տեքստ էր հրապարակել՝ Տիգրան Սարգսյանին հասցնելով անգամ անձնական վիրավորանքներ։ Վարչապետը այդ տեքստին պատասխանեց սկզբում ավելի բարոյախրատական ոճի մեջ՝ մաղթելով երկրորդ նախագահին բարություն։ Իսկ այսօր նա բավականին ծավալուն վերլուծություն է ներկայացրել՝ շինարարության փուչիկի և դրա հետևանքների թեմայով։

Ըստ էության, Տիգրան Սարգսյանը շինարարական փուչիկի մասով բավականին հիմնավոր կարծիք է հայտնել։ Սակայն նույն մեղադրանքը հնարավոր էր նաև ուղղել հենց իրեն։ Ինչո՞ւ այն տարիներին, երբ փչվում էր այդ փուչիկը, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը որևէ ահազանգ չէր հնչեցնում։ Եթե ոչ ի պաշտոնե, ապա գոնե որպես տնտեսագետ կամ երկրի տնտեսությամբ մտահոգ քաղաքացի։ Եվ ահա, իր տնտեսագիտական պատասխանում Տիգրան Սարգսյանն իրեն ապահովագրել է այդ մեղադրանքից՝ հղում անելով ճանաչում վայելող տնտեսագետներին։ «2000-ական թվականների սկզբում տնտեսագետների մեծամասնության կարծիքն (հայտնի կերպով ձևակերպված  այն ժամանակ ԱՄՆ պահուստային համակարգի նախագահ Ալան Գրինսփանի կողմից) այն էր, որ անհնար է հստակորեն ախտորոշել ակտիվի փուչիկը իր ստեղծման և զարգացման պահին: Այդ իսկ պատճառով, փաստարկվում էր, որ «փուչիկանման» զարգացումների պարագայում տնտեսության համար ավելի նպատակահարմար է թույլ տալ, որ այդ փուչիկը ինքնուրույն պայթի, իսկ հետո համապատասխան քաղաքականությամբ նպաստել տնտեսության վերականգնմանը, քան կոշտ քաղաքականությամբ խաթարել սխալ ախտորոշված իրականում առողջ տնտեսական աճը»,-  գրել է Տիգրան Սարգսյանը: 

Հիմա պա՞րզ  է. Տիգրան Սարգսյանը այն ժամանակ էլ հասկանում էր, որ փուչիկ է փչվում, հասկանում էր, որ դա վատ է։ Սակայն ոչինչ չէր անում և սպասում էր՝ մինչև փուչիկն ինքն իրեն պայթի։ Ոչ թե զգուշավորությունից կամ ԿԲ նախագահի պաշտոնը չկորցնելու վախից, այլ այն պատճառով, որ անկեղծորեն հավատալով տնտեսագետների մեծամասնությանը՝ գտնում էր, որ միջամտությունը կարող է ավելի վատ հետևանքների հանգեցնել։ 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ