Պատգամավորների աշխատավարձը բարձրացնում են գործազուրկների նպաստի հաշվին


13:08 , 11 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Հուլիսի 1-ից Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը կբարձրանա երկու անգամ եւ կկազմի 661.400 դրամ, հանձնաժողովների նախագահներինը՝ 793.680 դրամ: Օրենքն ընդունվել է անցյալ տարեվերջին՝ դեկտեմբերին: Այդ նույն ժամանակ կառավարությունը վերացրել է գործազրկության նպաստը, որը կազմում էր 18 հազար դրամ:

Այդ 18 հազար դրամը շատ գործազուրկների համար իսկապես հացի խնդիր է: Մարդիկ ժամերով հերթ էին կանգնում այդ գումարը ստանալու համար: Երեւի կառավարությունը համարել է, որ այդ գումարը նպաստում էր նրան, որ մարդիկ մնան Հայաստանում եւ չհեռանան՝ դրսում աշխատանք որոնելու:

Այս տարի Հայաստանում կտրուկ կնվազի գործազրկությունը՝ քանի որ նպաստ չեն տալիս, ինչ կարիք կա գրանցել գործազուրկներին: Այդ տեսակետից, վիճակագրություն սիրող կառավարությունը «կբարելավի հերթական ցուցանիշը»:

Իսկ պատգամավորներին չեն ցանկանում բաց թողնել արտագնա աշխատանքի: Նրանք վաղուց կճողոպրեին, առավել եւս որ իրենց կապիտալը, ըստ միջազգային կառույցների տվյալների, արդեն դուրս են հանել երկրից: Ինչպե՞ս չբարձրացնել նրանց աշխատավարձը, չէ՞ որ նրանք մեծ պատրաստակամությամբ ընդունում են պետության ու ժողովրդի շահերի դեմ ուղղված օրենքներ ու պայմանագրեր:

Հատկանշական է, որ նույն դեկտեմբերին խորհրդարանն ընդունեց նաեւ Կենսաթոշակային համակարգում պարտադիր կուտակային բաղադրիչը մտցնելու վերաբերյալ օրենքը, որը շատերն իրավամբ գնահատում են որպես պետական ռեկետ ընդդեմ երիտասարդ աշխատունակ բնակչության:

Առավել հատկանշական է, որ նույն դեկտեմբերին խորհրդարանը վավերացրեց Հայաստանի ինքնիշխանությունը հանձնելու վերաբերյալ հայ-ռուսական համաձայնագրերը:

Փաստացի, հուլիսի 1-ից առավել քան 1 միլիարդ դրամ բյուջետային միջոցներ ուղղվելու են այս պատգամավորների աշխատավարձին: Գործազուրկների, երիտասարդության հաշվին, եւ երկիրը հանձնելու դիմաց: