Ալիևի հայտարարությունը «քաղաքական սանտակլաուսություն» է. Դավիթ Բաբայան


17:46 , 10 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ կառավարության նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը որակում է որպես «քաղաքական սանտակլաուսություն»:

Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն անդրադառնալով այդ հայտարարություններին՝ նշեց. «Ինձ թվում է՝ երևի իրենք Նոր տարին մի քիչ երկարացրել են, և ինքը Սանտա Կլաուսի դերակատարությունն է տանում՝ քաղաքական ասպարեզում: Այսինքն՝ եթե Ձմեռ պապին բերում է ինչ-որ նվերներ, սա միայն խոստանում է»:

Հիշեցնենք, որ ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ «որոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան», և եթե Հայաստանում գերակշռեն իրատեսական մոտեցումները, կարճ ժամանակում կարող է տեղաշարժ արձանագրվել հակամարտության հետ կապված։ Իսկ իրատեսական մոտեցման ալիևյան ընկալումն այն է, որ Հայաստանը «պետք է հենվի իրականության, իրական ուժերի հարաբերակցության վրա»։  Ըստ նրա՝ Ադրբեջանի աճող հզորությունը նույնպես այստեղ իր դերն է խաղում և խաղալու է, որովհետև երկու երկրների միջև համեմատություն անցկացնելու դեպքում իր երկրի առավելությունը բացահայտ դրսևորվում է բոլոր ոլորտներում:

Իլհամ Ալիևը նաև վստահություն է հայտնել, թե «հարցը պետք է լուծվի և լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»;

Պաշտոնական Ստեփանակերտի խոսնակի գնահատմամբ՝ Իլհամ Ալիևը միշտ նույն հայտարարություններն է անում, որոնք մեկ անգամ ևս վկայում են, որ Ադրբեջանի համար ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ