17:20 , 10 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 6-ին ընկերական խաղ է անցկացնելու Գերմանիայի ընտրանու հետ:
Սա կլինի հավաքականների մակարդակով միջազգային առաջին հանդիպումը Մայնցում: Հանդիպման կազմակերպիչը գերմանական DFB Egidius Braun հիմնադրամն է: Խաղից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Լիգայի ասոցիացիայի տարբեր հիմնադրամներին: Այս հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար Բրազիլիայի Աշխարհի 2014 թ. առաջնությունից առաջ:
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հելմուտ Սանդրոկն այս կապակցությամբ ասել է. «Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք ավարտել Աշխարհի առաջնության հետ կապված նախապատրաստական ծրագրերը: Լեհաստանի եւ Կամերունի հետ հանդիպումներից հետո մենք կմրցենք նաեւ Հայաստանի հավաքականի հետ: Հանդիպումը կարևոր է ոչ միայն մարզական տեսանկյունից:
Խաղից ստացված հասույթը եւս մեկ անգամ կապացուցի այն, որ հիմնադրամներն ի վիճակի են շարունակել իրենց գերազանց աշխատանքը եւ տարբեր ծրագրերը նաեւ ապագայում»:
Բարեգործական հանդիպումները Գերմանիայում երկար պատմություն ունեն: Գերմանիայի հավաքականն առաջին բարեգործական հանդիպումն անցկացրել է 1998 թվականին, իսկ վերջին խաղում Սինսհեյմում հաղթել է Ուրուգվային 2011 թվականին: Այս ընթացքում խաղերից ստացված հասույթը բաժանվել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 3 հիմնադրամների, Բունդեսլիգայի հիմնադրամի, ինչպես նաև Ռոբերտ Էնկեի և Վալտեր Ֆրիցի հիմնադրամներին: Այս հանդիպումը կլինի երրորդը Գերմանիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջև:
Աշխարհի 1998 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած խաղերում Գերմանիայի հավաքականը հաղթել է 5:1 և 4:0 հաշիվներով:
ՀՖՖ մամլո ծառայություն