16:08 , 10 հունվար, 2014
Armsport.am-ը գրում է.
Երևանի «Փյունիկը» վերադարձել է ձմեռային արձակուրդից և այսօր՝ հունվարի 10-ին բաց մարզում անցկացրեց Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը նախապատրաստվում է նոր գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ:
Մարզման ավարտից հետո, Կամո Հովհաննիսյանը, Աղվան Պպաիկյանն ու Արթուր Յուսպաշյանը խոսեցին մարզումային գործընթացի, ինչպես նաև մրցաշրջանի երկրորդ հատվածում իրենց նպատակների մասին:
Կամո Հովհաննիսյան - Մարզումներն անցնում են հաճելի պայմաններում, որոնք անցկացվում են միջին ծանրաբեռնվածությամբ: Բնականոն կերպով նախապատրաստվում ենք նոր մրցաշրջանին: Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ, առայժմ, մի քանի մարզում ենք անցկացրել և փոփոխություններն այդքան էլ նկատելի չեն: Այժմ, նրան պետք է ընդունենք՝ ոչ որպես խաղընկերոջ, այլ՝ գլխավոր մարզչի:
Լավատեսորեն ենք նայում մրցաշրջանի երկրորդ հատվածին և ամեն ինչ կանենք, որպեսզի առաջնությունում ավելի բարձր տեղ գրավենք:
Ինչ վերաբերվում է արտասահմանյան թիմ տեղափոխվելու հավանականությանը, ապա այդ հարցով ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դրանով զբաղվում է ակումբի ղեկավարությունը:
Աղվան Պապիկյան - Կարճատև հանգստից հետո, վերադարձել ենք մարզումային գործընթացին և պատրաստվում ենք մրցաշրջանի երկրորդ հատվածին: Մարզավիճակս կգնահատեմ լավ: Չեմ կարող ասել, թե հիմա ինչու ենք մրցաշարային աղյուսակում ցածր տեղ զբաղեցնում: Մեկնարկում լավ սկսեցինք, սակայն հետագայում պարտություններ կրեցինք: Սա ֆուտբոլ է և ամեն ինչ հնարավոր է: Բոլորը պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ուժերը, որպեսզի ավելի հաջող հանդես գանք: Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ մեկ մարզում եմ անցկացրել և տպավորությունները դրական են:
Արթուր Յուսպաշյան - Մարզումային գործընթացն ընթանում է սովորական հունով: Սարգիս Հովսեփյանին արդեն երկար տարիներ ճանաչում ենք: Ընդհանուր առմամբ, տակտիկական նորություններ չկան և խաղում ենք մեզ հոգեհարազատ մարտավարական ոճով:
Ինչ վերաբերվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին, ապա չեմ ցանկանում ասել, որ գրավելու ենք առաջին հորիզոնականը: Հիմնական նպատակը կլինի առավելության հասնել ամեն խաղում: