14:41 , 10 հունվար, 2014
Panarmenian.net-ը գրում է.
«Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ԱԳՆ 1915-1916 թթ. արխիվներում» գրքի անգլերեն թարգմանությունն է հրատարակել Berghahn Books-ը: Գիրքը լույս է տեսել Վոլֆգանգ Գուստի խմբագրությամբ: Այնտեղ զետեղված են հարյուրավոր հեռագրեր, նամակներ ու ղեկույցներ Օսմանյան կայսրությունում հավատարմագրված գերմանացի հյուպատոսներից՝ հասցեագրված Գերմանիայի ԱԳ նախարարությանը, որտեղ մանրամասն նկարագրված են Հայոց ցեղասպանության ահասարսուռ տեսարանները: Փաստաթղթերը վկայում են երիտթուրքերի մտադրությունների և գերմանական կառավարության պաշտոնական համաձայնությունն ու մեղսակցությունը կայսրության հայ բնակչությանը բնաջնջելու հարցում:
Այդ փաստաթղթերի բացառաիկ կարևորությունը ընդգծում է այն փաստը, որ միայն գերմանացի պաշտոնյաներն ու զինվորական պաշտոնյաները կարող էին Առաջին աշխարհամարտի տարիներին առանց գրաքննության զեկույցներ ուղարկել Թուրքիայից: Ամերիկացիներից բացի, որոնք չեզոք էին մնում մինչև 1917 թվականի ապրիլի 6-ը, գերմանացի դիվանագետներն ու նրանց իրազեկիչները Բաղդադի երկաթուղու ներկայացուցչությունից կամ աշխատակիցների թվից, ցեղասպանության ամենակարևոր ոչ հայ ականատեսներն էին: Այդ փաստաթղթերը, նախատեսված բացառապես ներքին օգտագործման համար, որոնք ենթակա չէին հրատարակման, աչքի են ընկնում իրենց անաչառությամբ ու անկեղծությամբ: Նույնիսկ որպես Օսմանյան կայսրության դաշնակիցներ գերմանացի պաշտոնյաները պարտավորված էին համարում իրենց բարոյական և քաղաքական պատճառներով հայտնել հայերի դեմ կատարվող վայրագությունների մասին:
Վոլֆգանգ Գուստը գրում է. «Ես շոկի մեջ էի, երբ տեսա, թե գերմանացիներն ինչ մեծ դեր են ունեցել Եվրոպայի ծայրամասում տեղի ունեցած զանգվածային սպանության գործում: Գերմանիան չէր նախաձեռնել այդ ցեղասպանությունը, բայց նա երիտթուրքերի ամենամերձավոր դաշնակիցն էր և կապված էր պաշտոնական ռազմական դաշինքով: Մի՞թե նացիստները չպատճենեցին հայերի ցեղասպանությունն իրականացրած երիտթուրքերի մեթոդները»:
Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան Փոլ Վոլֆ Մեթերնիխը գրել է կայսերական կանցլեր Տեոբալդ ֆոն Բետման-Գոլվեյգին Բեռլին 1915 թվականի դեկտեմբերի 7-ին. «…Հայերի հալածանքների դեմ մեր դժգոհությունը պետք է հստակ արտահայտվի մեր մամուլում և դա կլինի թուրքերի հետ մեր գործակցության վերջը: Ինչ էլ նրանք արած լինեն, կապված է մեզ հետ՝ մեր խորհրդականների, մեր թնդանոթների, մեր փողերի….Հայկական հարցում որևէ հաջողության հասնելու համար մենք հետևանքներով կվախեցնենք թուրքական կառավարությանը: Եթե ռազմական նկատառումներով մենք չենք համարձակվում դիմակայել նրանց ավելի կոշտ դիրքերից, ապա մենք այլ ընտրություն չենք ունենա, քան…կողքից հետևել, թե ինչպես է մեր դաշնակիցը շարունակում կոտորածը»:
Կանցլերը պատասխանել է. «Պատերազմի ընթացքում դաշնակցի նման հանրային պարսավանքը նմանը չէր ունենա պատմության մեջ: Մեր միակ նպատակն է պահել Թուրքիային որպես դաշնակից մեր կողքին մինչև պատերազմի վերջը, անկախ նրանց դրա հետևանքով հայեր կզոհվեն թե ոչ»: