13:58 , 10 հունվար, 2014
Կարդացի, որ Ծառուկյանը կառավարության աջակցությամբ խոշոր ներդրումային ծրագիր է իրականացնելու և Վերին Պտղնի գյուղում 150 միլիոն դոլար արժողությամբ կազինո է կառուցելու: Քանի դեռ չեն սկսել հիացական ախերն ու վախերը, թե էս ինչ լավ բան ա անում Ծառուկյանը, երկիրը շենացնում ա, ֆլան-ֆստան, հրավիրում եմ ձեր ուշադրությունը մի քանի հանգամանքի վրա.
- Կրկին հսկայական միջոցներ են ներդրվելու մի բանի մեջ, որը ոչ մի ռեալ բարիք չի ստեղծում ու հարստանում ա` մարդկային դժբախտության շնորհիվ: Կազինոներին դեմ եմ, իսկ Ծառուկյանի կազինոյի դեմ եմ կրկնակի, որովհետև բացի այն հանգամանքից, որ կազինոյի բիզնեսը ինձ համար նույն բարոյական հարթության մեջ է, ինչ, ասենք, թմրանյութերի վաճառքն ու մարմնավաճառներով լի հասարակաց տներ պահելը, այս հսկա կազինոների կյանքի գինը բոլոր մանր-մունր կազինոնների փակելն էր ու դաշտի մոնոպոլիզացումը:
- 150 միլիոն դոլարով կարելի էր մի հատ լուրջ գործարան կառուցել, կամ էլի ինչ-որ մի օգտակար բան, որը թեև կազինոյի պես խոշոր եկամտաբերություն չէր ունենա, բայց հիշեք՝ կազինոյում 80-100 մարդուց ավել չի կարա աշխատի, իսկ այ գործարանը, էն էլ 150 միլիոն դոլարով կառուցված, դրանից մի քանի անգամ շատ աշխատատեղ կստեղծեր ու կրկնում եմ` ՌԵԱԼ ապրանք:
- Ընդհանրապես ցնցում է կառավարության՝ օդից փող բռնելու մոլուցքը: Եթե ուշադրություն դարձնեք՝ պետությունը հիմնականում աջակցում է այն ներդրումային պրոյեկտներին, որոնք կապված են բանկային ոլորտի, ծառայությունների ու այլ նյութական բարիք չստեղծող ոլորտների հետ: Ասես պետությունը ինքը ցանկանա, որ իր մոտ ամուր տնտեսական հիմքերի փոխարեն, լինեն հեղհեղուկ ֆինանսական փուչիկներ:
Մի խոսքով, չերկարացնեմ. վատ ժամանակներում ենք ապրում ու վախենամ, որ ականատես ենք լինում 3-րդ հանրապետության մայրամուտին: